Логотип

Հայաստանում թթվային անձրևների վտանգ չկա

ՀՀ–ում մարտի 7-8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն՝ տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չի դիտվել։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։

«Միաժամանակ մարտի 9-11-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է հյուսիս-արևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ մարտի 12–20-ը հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմտյան հոսանքները, որոնք ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանում։ Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից, նման ցիկլոնների ներթափանցում մեր տարածաշրջան լինում է խիստ հազվադեպ»,– ասված է հայտարարությունում։

ՊՈԱԿ–ի նկատել է, որ առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն` օդային զանգվածներն Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան։

Հիշեցնենք, որ իրանական նավթապահեստարաններին ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս հասցրած հարվածներից հետո մասնագետները զգուշացրել են թթվային անձրևների վտանգի մասին։ Ավելի ուշ ԻԻՀ մի շարք շրջաններում արձանագրվել է անսովոր երևույթ. անձրևի ժամանակ ավտոմեքենաների, հագուստի և բաց մակերեսների վրա նստել են մուգ կաթիլներ։

Sputnik Արմենիա