Логотип

Հայաստանում կդադարեն սեփականության իրավունքով հողեր տրամադրել Հայ առաքելական եկեղեցուն

Համայնքային և պետական հողերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եկեղեցիների կառուցման և պահպանման համար կտրամադրվեն ոչ թե սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Այս մասին փետրվարի 10-ին խորհրդարանի հերթական նիստում Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։

Նրա խոսքով՝ օրենքը չի տարածվում այն իրավահարաբերությունների վրա, որոնք ծագել են մինչև դրա ընդունումը։ Նա հավաստիացրե; է, որ մինչ օրս եղել են օրինակներ, երբ եկեղեցուն փոխանցված հողատարածքն օգտագործվել է ոչ ըստ նպատակային նշանակության, ինչով էլ բացատրել է օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ «Օրինակ՝ Վանաձորում արձանագրվել է նման դեպք, երբ սեփականության իրավունքով փոխանցված հողը չի օգտագործվել ըստ նպատակային նշանակության»,- նշել է պաշտոնյան։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրել է, որ Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերի 50%-ը չի օգտագործվում ըստ նպատակային նշանակության, սակայն իշխանություններին ինչ-ինչ պատճառներով այդ հարցը չի մտահոգում։ «Թե՞ սա հակաեկեղեցական արշավի հերթական դրսևորումն է»,- հարց է ուղղել նա։

News.am