Հայաստանում կստեղծվի անհայտ կորածների միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի կդառնան ընտանիքի անդամներին, պետական մարմիններին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այս մասին փետրվարի 10-ին խորհրդարանի հերթական նիստում՝ «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա հստակեցրել է, որ անհայտ կորածների հարցերով զբաղվող լիազոր մարմինը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն է։ Նրա խոսքով՝ կներառվեն նաև դրույթներ այս հարցում միջազգային համագործակցության վերաբերյալ։
Գալյանը հայտնել է, որ նախագծի կազմման ընթացքում քննարկումներ են անցկացվել անհայտ կորածների հարազատների և ծնողների, հասարակական կազմակերպությունների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ։ «Այդ առաջարկներն արտացոլված են նախագծում», – վստահեցրել է նա։
Նախարարը հավելել է, որ վիճակագրական տվյալներ չունի։ Գալյանը նշել է, որ նախկինում չնույնականացված մարմինների մասով ներկայացվել էր 80 թիվը։ Սրբուհի Գալյանը հիշեցրել է, որ պետական գերատեսչությունների հարցումներին լիազոր մարմինը պարտավոր է պատասխանել 15-օրյա ժամկետում, իսկ քաղաքացիների հարցումներին՝ 30-օրյա ժամկետում։
News.am
