Логотип

Հայաստանում ձյուն է տեղալու, ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հայաստանում հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը ձյուն է տեղալու, ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը՝ շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում՝ ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը՝ ողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։

Հունվարի 13-ի երեկոյան և 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով»,– նշված է հայտարարության մեջ։

Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։