Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Այս մասին հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը:
Գործարանի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին ծանոթացրել են արտադրության տեխնոլոգիական արդիականացման լայնածավալ ծրագրերին, ձեռնարկության աշխատողների սոցիալական աջակցության խոշոր ծրագրերին, ինչպես նաև կադրերի պատրաստման համակարգի զարգացմանն ուղղված միջոցառումներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության և Արտահանման ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչները։ Նրանք դեսպանին տեղեկացրել են արտադրական գործընթացի օպտիմալացման ուղղությամբ ռուսական առաջատար տեխնոլոգիաների և ժամանակակից լուծումների ներգրավման հնարավորությունների մասին:
Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև Կոպիրկինի հանդիպումը Սյունիքի մարզի գործարար շրջանակների այն ներկայացուցիչների հետ, որոնք աշխատում են ՌԴ գործընկերների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև ռուսական պրոֆիլային կառույցների կողմից գործարարներին աջակցություն ցուցաբերելու գործնական հարցեր:
Ընդգծվել է միջտարածաշրջանային փոխգործակցության շրջանակներում գործարար շփումների զարգացման ներուժը։
Ավելի վաղ ՌԴ դեսպանն այցելել էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ:
Sputnik Արմենիա