ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 21-ի նիստում քննարկվել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ներկայացրել է հայտարարության նախագիծը և պատասխանել պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ հայտարարության տեքստի վերաբերյալ:
Ըստ նախագծի՝ ՀՀ իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարների բացահայտ գործիքի, իշխող վարչախմբի «գործողությունները ուղղված են երկրում վախի մթնոլորտ սերմանելուն, իշխանությունը ամեն գնով պահելուն», որոնք հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարման ու սահմանադրական վերջնական տապալմանը։
«Բռնաճնշումների շարունակվող ալիքի ընթացքում ձերբակալվել են, կալանավորվել, տնային կալանքի են ենթարկվել և/կամ անարդար դատավճռներով դատապարտվել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնող արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների, ընտանիքների անդամներ և/կամ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների և երիտասարդական միությունների անդամներ, քաղաքական և քաղաքացիական գործունեություն իրականացնող և/կամ իշխանություններին քննադատող անձինք, հասարակական և բարեգործական գործունեություն իրականացնող անձինք,
Հայաստանի և Արցախի ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, ավագանիներ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ»,- նշել է Վարդանյանը։ Նախագծով խմբակցությունը երկրում կատարվող իրադարձությունների վրա միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել: «Հրավիրում է Եվրոպական Միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը տեղի ունեցող բացահայտ հակաժողովրդավարական և հակաիրավական գործընթացների վրա՝ ակնկալելով հստակ գնահատականներ ՀՀ իշխանությունների կողմից իշխանության ճյուղերի միջև հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմների խաթարման և քաղաքական զանգվածային բռնաճնշումների առնչությամբ»,- ասված է հայտարարության տեքստում։
Եզրափակիչ ելույթում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախագիծը որևիցէ հավելյալ արժեք քննարկմանը չի փոխանցում: «Ժողովրդավարությունն ամենօրյա գործընթաց է: Ես չեմ տեսնում ՀՀ-ում ժողովրդավարության հետնահանջի նախադրյալներ: Բայց ցանկացած ժողովրդավար պետություն կարող է բախվել նման խնդրի: Սակայն այն հանգամանքը, որ անկեղծ և շահագրգիռ քննարկվում է այս հարցը, վկայում է մեր բոլորի պատրաստակամությունը, որպեսզի խուսափենք հետագայում նման խնդիրների առաջացումից»,- ասել է նա:
Հիմնական զեկուցող Վարդանյանի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով: Ըստ ընդդիմության տվյալների՝ Հայաստանում կա մոտավորապես 40 քաղբանտարկյալ։ Նոյեմբերի 20-ին Գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի էր ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն ՀՀ-ում կալանավորված բոլոր քաղբանտարկյալների:
Armenia Today
