«Հայաստան» դաշինքն այսօր՝ ապրիլի 8-ին, ներկայացնում է իր նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։
«Հայաստան» դաշինքն այսօր՝ ապրիլի 8-ին, ներկայացնում է իր նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։
Միջոցառման բացմանը Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ դեռևս 1998 թվականին, երբ ձևավորվեց իշխանությունը (նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ով այժմ գլխավորում է «Հայաստան» դաշինքը), տնտեսությունն անկումային վիճակում էր. շուկայում էժանագին ապրանքներ էին, ներդրողներ չկային, իսկ արտասահմանյան կապիտալի մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Սակայն մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունն այնպիսի հաջողությունների հասավ, որ Համաշխարհային բանկը Հայաստանն անվանեց «կովկասյան վագր». սկսեցին գործարաններ բացվել, ճանապարհներ կառուցվել, և առաջին անգամ միգրացիայի դրական սալդո գրանցվեց՝ կար աշխատանք, իսկ կենսամակարդակը բարձրանում էր։
«Մի անգամ մենք տնտեսությունը հանել ենք ճգնաժամից։ Հիմա տնտեսությունը էլի ճգնաժամի մեջ է», – նշել է Խաչատրյանը՝ փաստելով, որ ներկայիս իշխանությունների գործողությունների «շնորհիվ» արտաքին պարտքը կրկնապատկվել է, և այն կրելու ենք մենք ու հաջորդ սերունդները։
«Հունիսի 8-ից արդյունաբերությունը կազմելու է ՀՆԱ-ի 25%-ը, համարյա կրկնապատկվելու է։ Դրանից բացի պետք է փոխել մեր ժողովրդի գնումների վարքագիծը, պետք է ժողովրդին խրախուսել գնել մեր հայկականը, գնել մեր տեղականը՝ աջակցելով տեղական արտադրողին։ «Մայքրոսոֆթը», «Սինոփսիսը» Հայաստան են եկել 2000-ականների սկզբին, բարձր տեխնոլոգիաները կկազմեն արդյունաբերության 10 տոկոսը», – շարունակել է Խաչատրյանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու փոքր և գերփոքր ձեռնարկություններին. նրանց համար կներդրվի հարկերի վերադարձի համակարգ և կցուցաբերվի աջակցություն, մասնավորապես՝ արտահանման հարցում՝ հայկական ապրանքների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով:
Նրա խոսքով՝ ներկայումս վարկերի մեծ մասը սպառողական են, որոնք ավելի քան 350 հազար քաղաքացիների համար դարձել են ծանր բեռ. նրանք ԴԱՀԿ-ի (Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) պոտենցիալ զոհերն են, ուստի անհրաժեշտ է վերանայել «սև ցուցակները»։ Բանկերը դադարել են նպաստել տնտեսության զարգացմանը՝ սպասարկելով միայն սպառողական վարկերը։
Մյուս կարևոր ուղղությունը զբոսաշրջությունն է. «Հայաստան» դաշինքը ցանկանում է 5 միլիոն զբոսաշրջիկ ներգրավել։
«Վարկերը՝ լրացուցիչ վերցված 8 միլիարդը, ո՞ւր են ծախսվել։ Դա պարզելու համար կիրականացվի վարկային աուդիտ», – հայտարարել է պատգամավորը։ Անդրադառնալով գործազրկության խնդրին՝ նա ընդգծել է նոր աշխատատեղերի ստեղծման և եկամուտների արդարացի բաշխման կարևորությունը։
Շարունակելով գործընկերոջ ելույթը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ապագայի տեսլականը բոլորի համար «Սոցիալական պետություն» ստեղծելն է։ Որպես արտաքին պարտքի խնդրի լուծում՝ նա մատնանշեց «բնապահպանական ներդրումներ՝ պարտքի դիմաց» բանաձևը։ «Հայաստանը վարկեր է ներգրավել տարբեր երկրներից և կազմակերպություններից. դրանք իրենց հերթին վճարումներ են կատարում տարբեր բնապահպանական հիմնադրամներին և ներդրումներ անում այն երկրներում, որտեղ կան բնապահպանական խնդիրներ։ Պարտքը վճարելու փոխարեն կարելի է գալ համաձայնության և այդ միջոցներն օգտագործել հենց Հայաստանում տարբեր խնդիրների լուծման համար՝ ավելացնելով անտառների, արգելոցների մակերեսը և ջրային ռեսուրսները», – թվարկել է Մինասյանը։
Նա ընդգծել է, որ խաղաղությունը ոչ միայն սահմանին կրակոցների բացակայությունն ու հզոր բանակն է, այլև վստահությունը, որ վաղը քեզնից ամեն ինչ չեն խլի, որ պետությունը քո կողքին է, որ այն կօգնի աղքատության ու հիվանդության ժամանակ, որ աշխատավարձն ու թոշակը կլինեն արժանապատիվ, կրթությունը՝ հասանելի, իսկ ծերությունը՝ հանգիստ: Պետություն, որտեղ մարդն իրեն մարդ է զգում։
News.am
