Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար շարունակում է փակ մնալ Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ ու դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ ներկայացնելով ճանապարհների վիճակը հունվարի 23-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ։
Հունվարի 22–ին հայտնել էինք, որ նշված ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։
«Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով ամբողջությամբ փակ է նաև Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհահատվածը (Իրանի սահման տանող նոր ճանապարհն է–խմբ.), ինչպես նաև Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը (Իրանի սահման տանող հին ճանապարհը)։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Գեղարքունիքի մարզում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ, իսկ Ճամբարակի լեռնանցքը, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը զգուշացնում է նաև, որ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհայինն դեպարտամենտը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik Արմենիա
