ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը, նախաձեռնում է ՀՀ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ այս քայլը պայմանավորված է դատախազի՝ սահմանադրական լիազորությունների խախտմամբ և քաղաքական չեզոքության բացակայությամբ։ Ընդդիմադիրները մեղադրում են գլխավոր դատախազին շինծու քրեական վարույթներ հարուցելու համար՝ ընդդիմադիր պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
«Ըստ խմբակցության՝ դատախազը վերջին տարիներին մի քանի անգամ Ազգային ժողով է ներկայացել ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, սակայն այդ գործերից շատերը չեն հասել անգամ դատարան, ինչը վկայում է քաղաքական պատվերի առկայության, գործերի դատարկության մասին»,–գրում է թերթը։
Նշվում է, որ խմբակցությունում արդեն իսկ ընթանում են համապատասխան իրավական գործընթացների նախապատրաստական աշխատանքները։
Այս ամենի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն է խնդրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից. «Առաջիկայում լինելու է «Հայաստան» խմբակցության նիստ, որի ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվելու, այդ թվում՝ նաև ձեր կողմից մատնանշված հարցը: Այլ մանրամասներ կարող եմ հաղորդել նիստից հետո», – ասել է Խամոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ գլխավոր դատախազին կարող է պաշտոնանկ անել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով՝ օրենքով սահմանված դեպքերում։
Sputnik Արմենիա