Логотип

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ՎԱՂԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԵՄԱՅՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է ԲԵՄԱԴՐԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է բեմադրելու իշխանությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։ Հայտարարությունոըւմ, մասնավորապես, ասվում է.

«Այս անգամ՝ Ազգային ժողովում։ Հանրային քննարկում են նախաձեռնել «Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում։ Քաղաքական պատասխանատվությունը։ «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով լույսի ներքո, իրավաքաղաքական գնահատական» երկար վերնագրով։

Հարկ է նշել, որ ՄԻԵԴ այս բողոքը ներկայացվել է 2011 թվականին, իսկ բուն քննությունը սկսվել է այս իշխանության օրոք՝ 2018 թվականից։

Եվրոպական դատարանը մի քանի անգամ օգտագործում է. «դատարանին որևէ ապացույց չի ներկայացվել, կառավարությունը չի տրամադրել որևէ տեղեկատվություն կամ ապացույց» և նմանատիպ ձևակերպումներ։

Այսինքն՝ ընթացել է ոչ մրցակցային դատավարություն, ինչը բնական է՝ Փաշինյանի կառավարությունը նրա մեղավորությունն ապացուցող փաստեր չէր ներկայացնելու։ Իսկ որ մարտի 1-ի գլխավոր մեղավոր-պատասխանատուներից մեկը ինքն էր, ակնհայտ է։ Դատարանը նաև արձանագրել էր, որ ցույցերը խաղաղ չեն եղել, տեղի են ունեցել բռնություններ՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ, այլ առարկաներ նետելով և լուրջ վնաս հասցեներով պետական և մասնավոր սեփականությանը։ Հիշեցնենք՝ մարտի 1-ին զոհվել է նաև երկու ոստիկան, իսկ 100-ից ավելին վիրավորվել են։

Եվրոպական դատարանը խնդիրը դիտում է մահվան դեպքերի, այլ ոչ սպանությունների տրամաբանությամբ՝ չբացառելով, որ մեկ մարդու մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով։

Կարևոր է նաև, որ դատարանը որպես խախտում դիտարկում է մահվան դեպքերով ոչ արդյունավետ քննությունը, ինչը ևս մեծամասամբ այս իշխանության վրա է։

Աբսուրդ է նաև այն, որ 2018-ից հետո վերաբացված մարտի 1-ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց Ազգային ժողովում այս թեմայով քննարկում են ծավալում։

Բավական է նայել քննարկման նախաձեռնողների և զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբը կա, բայց չկա մարտի 1-ի գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, և այս ձեռնածության քաղաքական նպատակը պարզ կլինի։

«Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու։

Հավաքվեք, քննարկեք, փառավորեք մարտի 1-ի ողբերգության ընթացքում հոգով փառավորվածին, իսկ ողբերգությունից հետո դեպքի վայրից փախուստ տվածին։

News.am