Логотип

«ՀայաՔվեն» հաղորդում ներկայացրեց դատախազություն՝ Հովհաննավանքում կիրակի օրվա ծեսի մասով

«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորումը Հովհաննավանքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ծես կազմակերպելու վերաբերյալ հանցագործության հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը։

«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ վերազանցելով իր լիազրությունները, և չարաշահելով դրանք, օգտագործել է դրանք, որպեսզի միջամտի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը։ Դա դրսևորվել է ինչպես Վեհարանը կաթողիկոսից «ազատելու» մասին պարբերաբար հնչող կոչերով, ինչպես նաև դրան հաջորդած կոչերով՝ այցելել Հովհաննավանք՝ ներկա գտնվելու եկեղեցու կողմից չարտոնված պատարագի։ Ըստ էության, նշանակում է՝ բռնություն գործադրել եկեղեցու հավատավոր հետևորդների նկատմամբ»,- նշեց Չալաբյանը։

Նրա խոսքով՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը համարվում է տուժող կողմ, որովհետև նրան պատկանող վանական համալիրը բռնազավթվել է, խաթարվել է հավատացյալների կրոնական զգացմունքներն ու իրավունքները։ Այս ամենն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ (Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը) և 441-րդ (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հոդվածներում նկարագրված հանցավոր արարքներին։

Չալաբյանը շեշտեց՝ եթե ՀՀ վարչապետը դժգոհ է Հայ առաքելական եկեղեցուց, ապա իրավունք ունի սեփական կրոնական կառույցը ստեղծել և այնտեղ աղոթել։ Ըստ նրա, հանցագործություն է այն, որ Փաշինյանը բռնազավթում է ՀԱԵ-ին պատկանող վանական համալիրը, որի իրավունքը չունի։

Չալաբյանը վստահեցրեց՝ հետամուտ են լինելու, որպեսզի իրենց ներկայացրած հաղորդումը քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանա։

«Իհարկե, մենք եկել ենք այն եզրահանգման, որ մեր երկրում դատախազությունը չի պաշտպանում քաղաքացու շահերը։ Ընդհակառակը՝ ծառայում է իշխանությունը զավթած փոքրիկ մի վարչախմբի շահերին։ Եթե դատախազությունը հրաժարվի քրեական գործ հարուցել, մենք կդիմենք դատարան։ Եթե դատարանն էլ հրաժարվի, ապա կհասնենք մինչև Սահմանադրական դատարան»,- նշեց նա։

Ընդգծեց՝ ի վերջո կհասնեն նրան, որ իրենց ներկայացրած հաղորդումն իրավական գործընթաց ստանա, մեղավորներն էլ՝ պատժվեն։

Sputnik Արմենիա