Логотип

«Հայաքվե»․ Հայաստանում քաղաքական հետապնդումները հանգեցրել են երկրում հանցավորության իրավիճակի վատթարացմանը

Ուզում ենք ձեր ուշադրությունը դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի անգործությանը։ Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ «Անպաշտպան քաղաքացին և մարդու իրավունքների պաշտպանը» խորագրով հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաքվե» ընդդիմադիր շարժման անդամ Արմեն Մանվելյանը։

Նրա խոսքով, Հայաստանում զանգվածային քաղաքական հետապնդումներ են իրականացվում։ «Դրանք բնութագրվում են ինչպես եկեղեցու վրա հարձակումներով, այնպես էլ քաղաքական գործիչների նկատմամբ զանգվածային բռնությամբ, հետապնդումներով և քրեական գործերի հարուցմամբ»,— պարզաբանել է Մանվելյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանում դատապարտվածների թիվը եռապատկվել է, իսկ քրեածին իրավիճակը վատթարացել։ «Քրեածին իրավիճակը պայմանավորված է նաև թմրադեղերի մասսայականացմամբ և դրա մուտքով Հայաստան: Քաղաքական հետապնդումներն էլ, որոնք տեղի են ունենում Հայաստանում, բերել են նրան, որ մեր ամբողջ իրավական համակարգը զբաղված է ոչ թե քրեական իրավիճակի բարելավմամբ, այլ մասսայական հետապնդումներով: Հիշեք, թե իրենք ինչպես են հպարտությամբ հայտարարում, որ մի շարք գործերով 50-60 քննիչ է զբաղվում, ինչպես օրինակ, Սամվել Կարապետյանի, Բագրատ Սրբազանի դեպքում»,— ընդգծել է ընդդիմադիր գործիչը։

Ավելին, Հայաստանում հանցավորության իրավիճակը, ինչպես նշել է Հայաքվե ներկայացուցիչը, ունի նաև սոցիալական արմատներ։ «Չնայած շեշտում են, որ պաշտոնապես կա 22-23 տոկոս սոցիալապես աղքատ և անապահով մարդկանց թիվ, բայց իրականում, այդ թիվը 30-ից ավելի է», – եզրափակել է Մանվելյանը։

News.am