Ապրիլին Հայկական Ատոմակայանը հինգ ամսով կանջատվի երկրի էլեկտրացանցից։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա հավաստիացրել է, որ էներգահամակարգի այլ հզորությունների հաշվին խնդիրներ չեն առաջանա։ Նախարարը պարզաբանել է, որ արևային կայանների հզորությունն ընդհանուր մասնաբաժնում կազմում է 1100 ՄՎտ, այսինքն՝ ընդհանուրի 15%-ից մի փոքր պակաս։
Նախարարը նաև հավելել է, որ էներգետիկայի ոլորտում Իրանի հետ հաստատված է հիանալի համագործակցություն։ «2025 թվականին մենք կայուն կերպով մատակարարել ենք էլեկտրաէներգիա և այնտեղից ստացել գազ։ Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները 85%-ով ավարտված են»,- հավելել է Խուդաթյանը՝ հույս հայտնելով, որ 2026 թվականին շինարարությունը կավարտվի, ինչը թույլ կտա ավելացնել էլեկտրաէներգիայի մատակարարումները դեպի Իրան։
News.am
