Логотип

Հայկական լավաշը՝ CNN-ի վարկածով «Աշխարհի 50 լավագույն հացերի» շարքում

Հայկական լավաշն իր տեղն է զբաղեցրել CNN-ի հեղինակավոր «Աշխարհի 50 լավագույն հացերի» շարքում:

Այս վարկանիշը դարձել է դերասան Թոնի Շալուբի Breaking Bread («Կոտրող հաց») վավերագրական նախագծի մի մասը։ Թոնի Շալուբն ամերիկացի դերասան է, չորս «Էմմի», ինչպես նաև «Թոնի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր: Նա այս նախագծում կատարել է գաստրոնոմիական ճանապարհորդություն ամբողջ աշխարհով մեկ՝ տարբեր երկրներում հաց պատրաստելու և այն կիսելու հացթուխների, խոհարարների ու տեղական բնակիչների հետ՝ ուսումնասիրելով աշխարհի ամենատարածված սննդամթերքի՝ հացի մշակութային նշանակությունը։

Լավաշը՝ բարակ հաց է, որը թխվում է ընդամենը 30 վայրկյանում՝ թեժ կավե թոնրի մեջ, կենտրոնական տեղ է զբաղեցնում հայկական խոհանոցում և մշակույթում։ Այն ավանդաբար պատրաստում են կանանց խմբերով, ձեռքով ձգելով խմորը հատուկ բարձիկների վրա, որոնք լցված են ծղոտով կամ բրդով, այպես է նկարագրել CNN-ը:

Թխված հացը կիրառվում է ոչ միայն որպես առօրյա սնունդ, այլև ունի խորը խորհրդանշական դեր՝ մասնավորապես հարսանեկան արարողություններում, երբ հարսի ու փեսայի ուսերը ծածկում են լավաշով՝ որպես առատության և բարօրության խորհրդանիշ։

Վարկանիշի հեղինակները հիշեցնում են, որ 2014 թվականի նոյեմբերի 26-ին հայկական լավաշը ներառվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Հայկական լավաշի հետ մեկտեղ ցուցակում ընդգրկվել են նաև ֆրանսիական բագետը, վրացական խաչապուրին, հնդկական պարաթան, իրանական սանգակը, իտալական չաբաթան, մեքսիկական տորտիլիան, ռուսական կարավայը, թուրքական սիմիթը և բազմաթիվ այլ հացատեսակներ։

Ինչպես նշում են ցուցակը կազմողները, հացը ոչ միայն սնունդ է, այլև ժողովուրդների պատմության, ավանդույթների և համընդհանուր հիշողության արտացոլանք։ CNN-ի այս վարկանիշը կազմվել է՝ հաշվի առնելով հացի համը, բաղադրիչների յուրահատկությունը, ինչպես նաև նրա մշակութային նշանակությունը տվյալ երկրում։

Նշենք, որ դեռևս 2019 թվականին՝ Հացի համաշխարհային օրվան ընդառաջ, CNN-ը ևս մեկ անգամ կազմել էր աշխարհի 50 ամենահայտնի հացատեսակների ցուցակը, որտեղ նույնպես ընդգրկվել էր հայկական լավաշը:

Armenia Today