ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ երեկ հաստատված բանաձևում կա երեք կետ, որոնց մասին իշխանությունը չի բարձրաձայնում։ «Ֆեյսբուքի» իր էջում նման գրառում է արել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով՝ իշխանության քարոզչամեքենան լռում է, քանի որ դա իրենց համար շահեկան չէ։
«Առաջին՝ զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պետության հարձակումն է Եկեղեցու վրա. դա հստակ գրված է։ Այսինքն՝ այն հեքիաթները, որ Փաշինյանը պատմում է, թե իբր սա Եկեղեցու դեմ չէ և այլն, հօդս են ցնդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում։ Հստակ նշվում է, որ առկա է առճակատում պետության և եկեղեցու միջև»,– ասաց Մամիջանյանը։
Զեկույցի երկրորդ կետը, ըստ Մամիջանյանի, այն է, որ հստակ արձանագրվել է՝ ընտրությունների ժամանակ պետք է բացառվի պետական ռեսուրսի սխալ օգտագործումը։
«Երրորդ կետով, որ առկա է զեկույցում, հստակ նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահռելի մակարդակի են այդ խախտումները, որ անգամ միջազգային որոշ կազակերպությունների կողմից Փաշինյանի ցանկացած արարքն արդարացնելու և չբարձրաձայնելու դեպքում է անհնար եղել կոծկել կամ չնկատել ու չներառել այս զեկույցում»,– շարունակել է պատգամավորը։
Միևնույն ժամանակ Մամիջանյանն ընդգծում է, որ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևի որոշ ձևակերպումներ խայտառակություն են։ Նրա համար նաև անընդունելի է, որ զեկույցում ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների մասին խոսք չկա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագայի տեղակալ, ԵԽԽՎ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ բանաձևում վեհաժողովը նաև խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»։
