ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հրապարակած «պողպատե մանդատ»-ով լուսանկարին ու դիտարկմանը, թե դրանով փորձում է սպառնալ ընդդիմությանը։
«Գլուխը պատին է տալիս, սպառնում է ընդդիմությանը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Մամիջանյանը հիշեցրեց՝ դեռ ամիսներ առաջ էր ասել, որ Փաշինյանը վերցնելու է ստորագրած թուղթն ու մուրճը, ընկնելու է գյուղեգյուղ ու խաբի ժողովրդին։
«7 տարվա ընթացքում, զարմանալիորեն, ես սկսել եմ կանխատեսել Փաշինյանի գործողությունները»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
ԹՐԱՄՓԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐԵՍԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ՄԻՋԱՆՑՔ ԲԱՌԸ
«Պարզ հարց եմ տալիս. Փաստաթուղթ է, որտեղ երկու հատված կա՝ ՀՀ տարածքով անցումը և Ադրբեջանի տարածքով անցումը, Հայաստանի տարածքով անցումը մանրամասն նկարագրված է, մի մասը բանավոր է ասված՝ 99 տարին բանավոր է ասված, կորիդոր բառնը անգլերեն բանավոր է ասված… Ի դեպ, փաշինյանական հեքիաթը, որ կորիդորը տերմին է, անգլերենում լիքը հոմանիշներ կային, որոնք նախագահ Թրամփը կարող էր օգտագործել, այլ ոչ թե՝ կորիդոր բառը»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին, երբ հայ-թուրքական արձանագրություններն էին ստորագրվում, հայկական կողմը պարտադիր պայման էր դրել, որ ստորագրությունից հետո հայտարարություններ չլինեն:
«Նպատակը հենց այն էր, որ Թուրքիան հնարավորություն չունենա ստորագրելուց հետո հավելյալ օրակարգեր և հավելյալ նախապայմաններ ելույթով արձանագրել: Սա չի արվել օգոստոսյան ստորագրությունների ժամանակ: Հիմա, առաջին հատվածում մանրամասն նկարագրված է, թե Հայաստանի տարածքով անցումն ինչ պայմաններով է լինելու: Ադրբեջանի հատվածում նման բան գրած չկա, ընդամենը գրված է փոխադարձություն բառը: Միջազգային իրավունքի ցանկացած մասնագետ ձեզ կասի, որ նման պայմանագրեր երբեք չեն լինում»,- ընդգծեց նա:
Նա ծիծաղելի է համարում ՔՊ-ի քարոզչական թեզը, երբ սկսում են ընդդիմությանը մեղադրել, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն են ուզում. «էն էլ եք դուք ստորագրել, էս էլ եք դուք ստորագրել, հիմա մեզ ինչ-որ բանի մե՞ջ եք մեղադրում: Այո, նոյեմբերի 9-ի փաստաթղթում կան չկատարված կետեր, որոնց իրականացումը շատ էական է ՀՀ-ի և Արցախի համար: Բայց գալ ու մուննաթ գալ մեր վրա, որ դուք ժամանակին ափալ-թափալ նոյեմբերի 9 եք ստորագրել, որից հետո երեք տարի շարունակ այդ տարընթերցումների թեզն էր… Հիմա, ո՞նց բացատրենք Փաշինյանին, որ կարդա թղթերը ստորագրելուց առաջ, ի՞նչ է նշանակում՝ տարընթերցում: Երկրորդ կարևոր միջազգային հայտարարություն է ընդունվում իր օրոք ու երկու անգամն էլ նույն պատմությունն է լինում՝ տարընթերցումներ են առկա: Իսկ իրականության մեջ տրամաբանությունն այն է, որ Փաշինյանը համաձայնել է տալ ամեն ինչ, ինչ իրենից Ադրբեջանը պահանջում է, որպեսզի այդ կադրը ունենա՝ իրենք երեքով, ու կարողանա նախընտրական քարոզչության մեջ օգտագործել»:
Նրա խոսքով՝ իրականության մեջ Վաշինգտոնում փաստացի նկարագրվել է միջանցքային տրամաբանություն. «Ամենախայտառակությունը՝ Փաշինյանի երեսին նախագահ Թրամփը հենց ստորագրումից հետո մի քանի անգամ օգտագործել է միջանցք բառը»:
ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ԱՍԵԼ՝ ՁԵՐ ՄԻՏԻՆԳԻՆ ՄԻԱՆՈՒՄ ԵՄ, ԲԱՅՑ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՈՒ ԿԱՖԵՈՒՄ ՆՍՏԱԾ
Հայկ Մամիջանյանն հիշեցրեց իրենց նախկին հայտարարությունները, որ՝ Փաշինյանի ամեն օր իշխանության մնալն աղետներ է բերում մեր երկրին և ստեղծում անդառնալի հետևանքներ:
«Դրանից հետևություն՝ իշխանափոխության խնդիրն անհրաժեշտ է լուծել մինչև ընտրությունները, և առհասարակ, ընտրություններին սպասել գործընթացը ես այդքան էլ լավ չեմ հասկանում: Հետևաբար, մենք առաջարկում ենք, մեր կարծիքով, այս պահին միակ իրատեսական լուծումը՝ իմպիչմենտի գործընթաց: Դա այս պահին Հայաստանի քաղաքական դաշտում միակ առաջարկված օրակարգն է՝ Փաշինյանի հեռացման: Եթե կան այլ օրակարգեր, մենք սիրով կքննարկենք դրանք, բայց կարծես ոչ ոք ոչ մի բան չի առաջարկում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նա շեշտեց՝ առանց հանրային կոնսոլիդացիայի և փողոցի ճնշման հնարավոր չէ իրականացնել իմպիչմենտի գործընթացը. «Առաջին հերթին, անհրաժեշտ է, որ խորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերը միանան այդ գործընթացին, հետևաբար՝ շարունակում ենք սպասել «Հայաստան» խմբակցության արձագանքին: Խորհրդարանական ընդդիմության միասնական դիրքորոշումը, որ Փաշինյանին անհրաժեշտ է հեռացնել, կարևորագույն փուլն է, և կատարել այն խոստումը, որ բոլորս տվել ենք 2021-ին և դրան նախորդող ժամանակահատվածում: Բոլորս խոստացել ենք անել ամեն ինչ, որպեսզի հեռացնենք Նիկոլ Փաշինյանին. հիմա մենք մեր խոստումը կատարում ենք: Ակնկալում ենք, որ մեր գործընկերները կա՛մ կմիանան մեզ հետ և այդ լուծման ուղղությամբ բոլորս մեր ուժերը կդնենք, կա՛մ կառաջարկեն այլընտրանքային օրակարգ, որը չի լինելու»:
Դիտարկմանը՝ «Հայաստան» խմբակցությունն իր ստորագրությունը դրել է, նա արձագանքեց՝ ինչ-որ թղթի տակ, այո. «Ես վստահ եմ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն օրվա ընթացքում տարբեր թղթերի տակ ստորագրություններ են դնում, կարող են շարունակել այդպես անել, բայց այն թուղթը, որն իրենք հրապարակել են, որևէ կապ չունի «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած անվստահության գործընթացի ձևաթղթի հետ»:
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե եթե «Պատիվ ունեմ»-ը պակասող ստորագրությունները ՔՊ-ից ստանա, «Հայաստան» խմբակցությունը կմիանա, նա նշեց, որ երբ իրեն որևէ ակցիայի, միտինգի մասնակցել են առաջարկել, երբևէ չի ասել՝ գնացեք 5000 մարդ հավաքեք, նոր ինքը կգա. «Ոչ էլ երբևէ, երբ ինձ հրավիրել են, օրինակ՝ Ազատության հրապարակում միտինգի, ասել եմ՝ շատ լավ, ես ձեր միտինգին միանում եմ, բայց՝ Շառլ Ազնավուրի հրապարակում ու կաֆեում նստած»:
168.am-ի նյութերով
