ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն ուղիղ կապ է տեսնում խաղային ոլորտում հարկերը բարձրացնելու մասին օրինագծի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից իր նկատմամբ ներկայացված կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմումի միջև։ Այս մասին Սարգսյանն ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը 2025թ․ մարտի 4-ին։ Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն՝ գործող տուրքերը։ Բարեբախտաբար, այդ վարույթը չխանգարեց, և օրենքն ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ թե այլ օր»,- ասաց Սարգսյանը։
ՔՊ–ական պատգամավորը հիշեցնում է, որ իր կողմից ներկայացված նախագիծը պետք է քննարկվեր 24-ժամյա ռեժիմով, ինչը նշանակում է, որ նախագծի քննարկումից հետո քվեարկություն է անցկացվում։
Սարգսյանի խոսքով՝ այդ անգամ բացառություն արվեց, և նախագծի քվեարկությունն անցկացվեց ոչ թե նույն օրը, այլ արդեն մարտի 5-ին։ Պատգամավորն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել՝ նշելով, որ ապրիլին էլ դիմել է ՔՊ վարչությանը՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով, սակայն հարցը մինչև սեպտեմբեր չի քննարկվել։ Անդրադառնալով կուսակցության կողմից տարածված հաղորդագրությանը, ըստ որի՝ Հայկ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել է իր կողմից ներկայացված դիմումի քննարկմանը, սակայն չի ներկայացել, նշեց՝ այդպես չի եղել։
«Ես խնդրել եմ կուսակցությանը, որ այդ մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել»,- ասաց Սարգսյանը։
Հայկ Սարգսյանը նաև հայտարարեց, որ սկսած այն ժամանակից, երբ ինքն ընտրվել է ԱԺ պատգամավոր և տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ էր, իր աշխատանքով խանգարել է մի շարք գործունեությունների տեսակներին, առաջնահերթ՝ խաղային ոլորտին։
«Ես դա համարում եմ չարիք Հայաստանի Հանրապետությունում։ Իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ, և գտնում եմ, որ այդ գրոհը հիմնականում խաղային ոլորտը սպասարկող անձանց կողմից է եղել։ Ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ՝ սկսած քրեական աշխարհի, թմրամիջոցների բիզնեսի հետ կապ ունենալուց` կապելով իմ անունը տարբեր սպանությունների, ինքնասպանությունների հետ»,- հայտարարեց Սարգսյանը։
Sputnik Արմենիա