Логотип

Հայկ ՖԱՐՄԱՆՅԱՆ․ ԵԹԵ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԲԵՌԸ ԹԵԹԵՎԱՑԵԼ Է, ԱՊԱ ԻՆՉՈՒ՞ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ անդրադարձել  է Հայաստանի պետական պարտքին՝ նշելով, որ եթե 2017 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 59 տոկոսը, ապա 2025 թվականին՝ 49 տոկոսը։ Նրա խոսքով՝ թեև պետական պարտքը բացարձակ թվով աճել է, «սակայն դրա բեռը նվազել է, սպասարկումն էլ դարձել է ավելի դյուրին»։

Aysor.am-ի հետ զրույցում տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը կարծիք է հայտնել, որ ցուցանիշը կարելի է դրական գնահատել միայն այն դեպքում, եթե պետական պարտքի կառավարումը լինի կայուն և վերահսկելի, իսկ տնտեսության կառուցվածքը՝ նվազ ռիսկային։

«Այսօր մեր տնտեսության ավելի քան 50 տոկոսը առևտրի և ծառայությունների ոլորտներն են։ Քանի դեռ չունենք բարձր ավելացված արժեք ստեղծող ընկերություններ, պետական պարտքի կառավարումը դառնում է շատ ռիսկային՝ անկախ նրանից՝ համախառն ներքին արդյունքի մեջ տոկոսային առումով փոքրացե՞լ է, թե՞ ոչ։ Դա որևէ նշանակություն չունի։

Այսօր մեր բյուջեի ծախսային մասի մոտ 10-11 տոկոսը ուղղվում է պետական պարտքի սպասարկմանը։ Կարևոր է նաև՝ ինչ տոկոսադրույքով է այն սպասարկվում։ Եթե խոսում են դրականի մասին, ապա հասարակ քաղաքացին պետք է դա շոշափելի կերպով զգա իր մաշկի վրա։ Թող պատասխանեն մի հարցի՝ ինչու՞ կենսաթոշակները չեն ավելանում։ Այդ դեպքում ո՞րն է դրա օգուտը, ի՞նչ շոշափելի արդյունք ունեն այդ թվերը ժողովրդի համար։ Եթե պետական պարտքը չի ուղղվում այնպիսի ոլորտների, որոնք հավելյալ եկամուտ են ստեղծում և մարդկանց կյանքը դեպի լավն են փոխում, այդ թվերը որևէ էական նշանակություն չունեն»,-ասել է տնտեսագետը։

Նա ընգծել է նաև, որ համախառն ներքին արդյունքի աճի մասին հայտարարությունները շատ հաճախ պարզապես մանիպուլյացիա են․

«Ասում են, որ համախառն ներքին արդյունքը աճել է, դրա մեջ կան նաև արհեստական կոմպոնենտներ։ Ծառայությունների ոլորտը մտնում է ՀՆԱ-ի աճի մեջ, իսկ այսօր մեր երկրում այդ ոլորտում հսկայական ինֆլյացիա կա, գները թանկացել են, ինչը արհեստականորեն նպաստում է ՀՆԱ-ի աճին։ Սա խորը մասնագիտական վերլուծության թեմա է, բայց ես պիտի կրկնեմ․ քանի դեռ հասարակ քաղաքացին իր մաշկի վրա չի զգացել որևէ դրական փոփոխություն, թվերի մասին խոսելը ոչ մի նշանակություն չունի։ Ինձ համար գլխավոր ինդիկատորը մեր քաղաքացին է՝ նա, ով իր մաշկի վրա պետք է զգա իրական, շոշափելի փոփոխություն»։

Հայկ Ֆարմանյանի խոսքով՝ գործող կառավարության պատասխանատուները մի շատ վատ սովորություն ունեն․ ցանկացած լավ բարեփոխման, որն առաջարկում է ընդդիմությունը, թերահավատորեն են մոտենում, պիտակավորորում են, թե միջազգային փորձ չկա։

«Օրինակ, երբ մեր կուսակցությունը ներկայացնում է Սամվել Կարապետյանի տնտեսական հինգ քայլերը՝ ուժեղ Հայաստան ունենալու համար, մեզ ասում են, իբր փոքր բիզնեսին հարկերից ազատելու միջազգային փորձ չկա։ Այն, իհարկե, կա, սակայն այստեղ այլ հարց է առաջանում ` երբ իրենք գույքահարկը մինչև 100 տոկոս բարձրացնում են, չեն ասում` աշխարհում կա՞ որևէ երկիր, որտեղ մարդկանց վիճակը այդքան վատթարանա։ Այդ ո՞ր երկրի օրինակն են վերցրել, որ գույքահարկը մինչև 100 տոկոս պետք է բարձրանա։ Կամ, օրինակ, եկամուտների հայտարարագրումը, կանխիկ շրջանառության սահմանափակումը․ դրանք քայլեր են, որոնք, իմ համոզմամբ, վատացնում են մեր հասարակության կյանքը։ Հիմա նույնը վերաբերում է պետական պարտքի և բյուջեի մասին հայտարարություններին։ Ասում են՝ բյուջեն գերակատարվում է և այլն։ Ես այդ թվերի մեջ չեմ ուզում խորանալ, որովհետև, նորից եմ ասում, հասարակ քաղաքացուն բացարձակ հետաքրքիր չեն թվերը։ Ես ընդամենը մի բան գիտեմ ՝ ցանկացած ներդրում, տնտեսական աճ կամ հաջողություն մարդը պետք է զգա իր մաշկի վրա։ Եվ քանի դեռ թոշակառուն կամ մյուս քաղաքացիները դրական փոփոխություն չեն զգացել՝ ինչ թիվ ուզեն, կարող են ասել»։

Aysor.am