Логотип

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն

Հայոց Եկեղեցու Պահպանության Համահայկական Խորհուրդը տեղեկացնում է հանրությանը, որ երեկ շրջանառության մեջ դրված՝ «Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչության» անունից տարածված հայտարարությունը ոչ մի կապ չունի իրական Ռամկավար Ազատական Կուսակցության պաշտոնական մարմինների և ներկայացուցիչների հետ։

Խորհուրդը իր խոր մտահոգությունն է հայտնում այն փաստի առթիվ, որ կուսակցության անունը ժամանակ առ ժամանակ շահարկվում է ինքնահռչակ փոքր խմբերի կողմից՝ առանց որևէ լիազորության կամ քաղաքական, գաղափարական պատասխանատվության։ Նման գործողությունները խեղաթյուրում են պատմական կուսակցության կերպարը և մոլորության մեջ են գցում հանրությանը։

Ռամկավար Ազատական Կուսակցության իրական դիրքորոշումը, որի հավաստի աղբյուր է կուսակցության Համադրված Մամուլը (Ուոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ), շարունակում է մնալ հետևյալը․

– հարգանք և անսասան աջակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին,

– հավատարմություն ազգային միասնականության, պետության և եկեղեցու անբաժանության սկզբունքին,

– մերժում ցանկացած բաժանարար կամ պառակտիչ դրսևորման՝ եկեղեցական կամ քաղաքական հարթությունում,

– կառուցողական համագործակցություն բոլոր հայկական կառույցների և համայնքների հետ՝ ի նպաստ մեր ազգային ինքնության պահպանման։

Խորհուրդը կոչ է անում լրատվամիջոցներին և հասարակական շրջանակներին առաջնորդվել միայն ստուգված աղբյուրներով և չտարածել ապատեղեկատվություն, որը կարող է խաթարել մեր ժողովրդի հոգևոր միասնությունը։

Միևնույն ժամանակ մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ռամկավար Ազատական Կուսակցության ավանդապահ ճյուղին, որը հետևողականորեն գործում է ազգային համերաշխության, պետության ամրապնդման և Հայ Եկեղեցու հեղինակության պահպանման ուղղությամբ։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

«Փաստինֆո»