Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթ, սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մույթերի վերականգնման աշխատանքների հարցը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից NEWS.am-ին հայտնում են, որ գիտամեթոդական խորհրդի անդամներից բացի՝ նիստին մասնակցել են «Ճարտարապետների պալատի» անդամներ, այդ թվում՝ հուշահամալիրի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մոտ երեք ժամ տևած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝
1․ վերահաստատել գոյություն ունեցող նախագիծը՝ շարունակելով նորոգման ընթացքի մեջ գտնվող երեք մույթերի վերականգնումը,
2․ նախագծային որոշ մանրամասներ լրամշակել /հանգույցներ և այլն/,
3․ երեք մույթերի վերականգնումից հետո քննարկել մյուս մույթերի վերականգնման հարցերը,
4․ ձեռնարկել համապատասխան քայլեր շինհրապարակի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: