Логотип

Հայտարարագիր լրացնելը կպարզեցվի. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարությունը

ՀՀ–ում հայտարարագրերը կնախալրացվի ՊԵԿ կողմից և հայտարարատուները կունենան բավականին երկար ժամանակ` մուտք գործելու ՊԵԿ համակարգ` ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը, և ըստ այդմ կատարելու համապատասխան փոփոխություններ։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ «ՀՀ հարկային օրենսգրքում» նախատեսված փոփոխությունները նախաձեռնել է ՔՊ–ն, որի նպատակը եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցումն ու հետագա բարելավումն է։

«Եթե հայտարարագրում չկա փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, ապա հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետին, որը կանոնի համաձայն հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1–ն է, հայտարարագիրը կհամարվի լրացված։ Ի դեպ, այս և եկող տարվա անցումային շրջանի համար ունենք բավականին շատ ժամանակահատված, դա նոյեմբերի 1–ն է։ Միաժամանակ, «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքից կհանվի հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում նախատեսված պատասխանատվության միջոցը, որն առաջին դեպքում նախազգուշացում էր, ապա` տուգանք»,– հայտարարեց նախարարի տեղակալը։

Ըստ նրա` եթե քաղաքացին ուզում է հետ ստանալ առողջապահական և կրթության գծով սոցիալական ծախսերը, ապա անպայման պետք է գրանցվի ՊԵԿ համակարգում և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնի հայտարարագիրը։

Պողոսյանը տեղեկացրեց, որ հայտարարագրման ենթակա չեն լինի ներգրավված միջոցները` փոխառությունները, վարկերը, «օվեր դրավթները», ընտանիքի անդամների միջև չհարկվող եկամուտները` կենցաղային ծախսերի համար փոխանցումները ևս չեն հայտարարագրվի։

Փոխնախարարը նշեց, որ այս պահի դրությամբ 130 հազար մարդ արդեն իսկ ներկայացրել է հայտարարագիր։

Sputnik Արմենիա