ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ ունի։ Քիչ առաջ փակ գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 64–ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Օհանյանի թեկածությանը։
Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
Նշենք, որ հանձնաժողովի նորընտիր նախագահը մասնագիտության բժիշկ-ստոմատոլոգ է, 2024–2025 թթ. եղել է «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրենը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի 21–ից, երբ Հռիփսիմե Հունանյանը հրաժարական ներկայացրեց։
Հունանյանի աղմկահարույց հայտարարություններից էր նրա տարակուսանքը, թե ո՞վ է ասել` բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։
Ավելի ուշ բուռն քննարկման թեմա դարձավ հարցացրույցներից մեկի ժամանակ հնչեցրած հայտարարությունը։ Խոսելով գերիների մասին` նա ասաց. «Ո՞վ էր իրանց ստիպել, որ գնային Բաքվի բանտ, վարչապետն ուղղաթիռ է ուղարկել, չեն եկել»։
Նա սկանդալի կենտրոնում հայտնվեց նաև, երբ փորձեց պաշտպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը. «Եթե կաթողիկոսը սուրբ է, ես էլ սուրբ կույս Հռիփսիմեն եմ, որդուս հայրն էլ` սուրբ Սարգիսը»։
Օրերս էլ Հունանյանը ԱԺ–ում հայտարարեց. «Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև գլուխներ են պետք»։
Sputnik Արմենիա
