Логотип

Հայտնի է` երբ և որտեղ կկայանա Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպումը

Իրանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 6–ին: Տեղեկությունը հայտնում է ամերիկյան «Axios» պարբերականը։

Ամերիկյան պարբերականի տեղեկություններով` Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին փետրվարի 6–ին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու հնարավոր միջուկային գործարքը:

Այս հանդիպումը կլինի ԱՄՆ–ի և Իրանի պաշտոնյաների միջև առաջինը 2025 թ. հունիսին բանակցությունների ձախողումից և 12–օրյա պատերազմից հետո: Հանդիպմանը քննարկվելու է հնարավոր միջուկային գործարքը։

Լուրը հաստատել է նաև թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Ավելի վաղ «Axios»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են հաջորդ շաբաթ Անկարայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։

Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։

Sputnik Արմենիա