«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։
Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսաուղերձ էր հրապարակել և նշել, որ կուսակցությունն իր դռները բացում է բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, ստեղծել ուժեղ Հայաստան։
«Մենք ստեղծել ենք մեր միավորման տեսլականը»,–համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Կարապետյանը։
Նա շեշտեց, որ հասարակության տարբեր շերտերի հետ շփման արդյունքում կրկին գալիս են այն եզրահանգման, որ ներկա իշխանություններին այլընտրանք կարող է լինել միայն իրենց ստեղծած քաղաքական ուժը։
«Դա իրականություն է, որը բոլորն էլ տեսնում են, ով էլ ցանկություն չունի տեսնելու, անգամ նրանք են արձանագրում, որ փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով»,–ասաց Կարապետյանը։
Sputnik Արմենիա
