«Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություններ են կատարվում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը վերաբերող քրեական վարույթի շրջանակում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Փաստաբանն առավոտյան հայտնել էր, որ խուզարկվում է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ «Իզմիրլյան» ԲԿ-ից Sputnik Արմենիային ասել էին, որ ԲԿ–ում խուզարկություն են իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, պատճառն իրենց հայտնի չէ։ «5-րդ ալիքի» հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են ՔԿ–ի ներկայացուցիչները փաստաթղթեր ու համակարգիչ առգրավում։
«Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025թ․, հաղորդումը ներկայացվել է հոկտեմբերի 8-ին, իսկ հոկտեմբերի 9-ին վարույթը նախաձեռնվել է»,– լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վարույթը նախաձեռնելուց միայն 4 ամիս անց է խուզարկություններ անցկացնելու որոշում կայացվել։
««Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ապրանքներ, բժշկական պարագաներ է ձեռք բերել իբրև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից, բայց իբրև հնարավորություն է ունեցել տվյալ պարագաները ավելի ցածր արժեքով ձեռք բերելու ներմուծող և արտադրող ընկերություններից։ Այդ կերպ իբրև թույլ է տվել նաև, որ այդ ընկերությունները, որոնք ունեն փոխկապակցվածություն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացնեն մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկերից և, որոշակի գործարքներ կատարելով, իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները»,- ասաց Ալեքսանյանը։
Բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ չկան։ Ինչ վերաբերում է թվաբանական ցուցանիշին, Ալեքսանյանը նշեց, որ չի կարող հրապարակել՝ ելնելով նախաքննական գաղտնիքից։
Նշենք, որ փետրվարի 12-ին՝ Վարդանանց քաջերի հիշատակության օրը, պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրառում էր արել՝ նշելով, որ նաև Ամենայն հայոց կաթողիկոսի անվանակոչության օրն է։ Բժիշկը գրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի անձնակազմի և իր անունից սրտանց շնորհավորում են Ամենայն հայոց հայրապետի անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։
