Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն ձերբակալել է Արշակ սրբազանին։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում),– տեղեկացրին ՔԿ–ից:
Փաստաբան Արսեն Բաբայանն ավելի վաղ հայտնել էր, որ Արշակ սրբազանի ձերբակալությունը հայտնի տեսագրության հետ կապ չունի։
«Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր նա 2018-ին վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Ավելի անհեթեթ բան չէինք լսել»,–ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը։
Նա նշել է, որ Արշակ սրբազանի ձերբակալման գործողությունը և հարցաքննությունը ավարտվել են: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով:
