Логотип

Հայր Ասողիկ․ Ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին

«Որպես հավատավոր հայորդի, որպես Հայոց Եկեղեցու խոնարհ և նախանձախնդիր սպասավոր, որպես միաբան և պաշտոնյա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ անհուն և արդար բարկությամբ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց ընթացքով»: Այս մասին գրում է Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռիս սեղանատանը, նրանց հետ ապրել եմ աստվածակառույց Մայր Տաճարիս հովանու ներքո, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև՝ ի Քրիստոս սիրո սուրբ ողջույն փոխանակելով: Հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին…

Ի խորոց սրտի կաղոթեմ, որ Աստված ողորմի և նրանց մտքին պայծառություն շնորհի՝ անկեղծ զղջմամբ ու արտասուքով գալու և ընկնելու մեր ամենքիս Հոգևոր Հայր և շնորհաց աղբյուր Հայոց Հայրապետի առջև: Իմ անվերապահ հավատարմությունը, անխառն սերն ու անսակարկ նվիրումն եմ հայտնում պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. մեծագործ և աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին»,–գրել է Հայր Ասողիկը:

Հիշեցնենք, որ այսօր իշխանամերձ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, ըստ որի եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ և պահանջել են կաթողիկոսից հեռացնել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից, սառեցնել նրա լիազորությունները։

Նիկոլ Փաշինյանը կառավարություն լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածված տեղեկություններին՝ նշելով, որ պատրաստ է հանդիպման հրավիրել եպիսկոպոսներին։

Ավելի ուշ էլ՝ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջում կադրեր հրապարակեց եպիսկոպոսների հետ հանդիպումից։

News.am