Логотип

Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյան․ ՀՀ ղեկավարի՝ գահակալ փոխելու հավակնությունը նշանակում է մանդատի չարաշահում

«Մեր երկրում արդարադատության ընդհանուր վիճակով պայմանավորված խնդիրներ ենք տեսնում՝ կապված ազատ տեղաշարժի, վանքերի սեփականության, մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, ազատությունների և հատկապես աշխարհիկ-հոգևոր իշխանություն հարաբերությունների հետ»,- «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Ըստ նրա՝ եկեղեցու հանդեպ բացասական վերաբերմունքը 2018 թվականից չէ, որ սկսվել է, դրա նախապատրաստական հիմքերը դրվել են դրանից առաջ՝ փոխելով մարդկանց մտածելակերպը:

«Մենք այդ գործընթացը միշտ նկատել ենք, փորձել ենք հանրային ելույթների միջոցով զգուշացնել, որ հասարակությունն ամեն դեպքում չմոլորվի։ 2018 թվականից այս կողմ արդեն աստիճանաբար դրանք մտան ինստիտուցիոնալ փուլ՝ որոշակի օրենքների փոփոխություն, սահմանափակումներ։ Վերջին տարիներին, հատկապես Արցախյան պատերազմի պարտությունից հետո, երբ հստակ հնչեց եկեղեցու կողմից վերաբերմունք, առճակատում սկսվեց»,- մատնանշեց հոգևորականը:

Նրա գնահատմամբ՝ եթե ՀՀ-ի ղեկավարը հավակնում է գահակալ փոխել, նշանակում է՝ մանդատի չարաշահում, քանի որ Էջմիածնում նստած գահակալը միայն թեմերի առաջնորդների և հայաստանցիների կողմից չէ ընտրված:

Aysor.am