Պետական եկամուտների կոմիտեն հայկական ընկերություններից բողոքներ չի ստացել իրենց արտադրանքը ռուսական շուկա արտահանելու խոչընդոտների վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Անդրադառնալով այն լուրերին, որ Պռոշյանի կոնյակի գործարանի՝ ՌԴ արտադրանք արտահանելու լիցենզիան կարող է չեղարկվել` Հակոբյանը նշեց, որ արտահանման խնդիրը նոր չէ. նախորդ տարի էլ էին առաջացել հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման հետ կապված խնդիրներ։
«Այդ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թուլացվում են, այսինքն` դա բնականոն գործընթաց է։ Մեր հորդորն է հայ բիզնեսմեններին, որ հետևեն այդ պահանջներին»,– ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` մաքսային հարցերի վերաբերյալ հայկական կողմը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, բայց հաշվի առնելով, որ խնդիրները վերաբերում են նաև բուսասանիտարական կանոնակարգերին` համապատասխան մարմինները նույնպես պետք է արձագանքեն։
Լրագրողները հետաքրքրվեցին` Հակոբյանը բացառո՞ւմ է որևէ քաղաքական դրդապատճառով հայ գործարարների համար ՌԴ շուկա մուտք գործելու խնդիրներ ստեղծելը։ ՊԵԿ նախագահը շեշտեց, որ քաղաքական դրդապատճառների մեջ չի ցանկանում մտնել։
«Եթե Ռուսաստանի վերահսկող մարմինները որոշակի հանձնարարական են ստանում կամ իրենք են որոշում ինչ–որ ժամանակը մեկ պահանջները խստացնել, մեզ մնում է հորդորել մեր հարկ վճարողներին և բիզնեսմեններին խիստ հետևել դրանց։ Այդ կանոններին հետևելը հնարավորություն է տալիս պետությանը ցանկացած իրավիճակում հայ տնտեսվարողների մեջքին կանգնել»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` եթե լինում է իրավիճակ, որ արտահանող բիզնեսմենն է մեղավոր և չի հետևել այդ պահանջներին, պետական մարմինների համար ավելի դժվար է լինում բանակցություններով լուծել խնդիրները։
Sputnik Արմենիա
