Логотип

ՀԱՅ ԴԱՏԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԱՄՐԱԳՐՈՂ և ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄԸ ՆՈՐՄԱԼԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ»

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մերժում է H.R.5632 օրինագծի ընդունումը, որով «նորմալացվում է Ադրբեջանի էթնիկ զտումը և ցեղասպանական ձեռքբերումները»: Այս մասին ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:

«Սա սխալ քայլ է, որը ամրագրում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները՝ նորմալացնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) էթնիկ զտումը և անտեսելով փոխհատուցման օրինական պահանջները, որոնք վերաբերում են արցախցի փախստականներին, հայ գերիներին, քրիստոնեական սրբավայրերին և Ադրբեջանի ռազմական օկուպացիային», – նշվում է հայտարարության մեջ։

Ըստ Հայ դատի՝ չնայած Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի երկկուսակցական շարունակական կոչերին, ամերիկահայ համայնքի և դաշնակիցների համառ պայքարին, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի կառուցողական նամակին (2025թ․ սեպտեմբերի 25), H.R.5632-ը ակնհայտորեն չի անդրադառնում մի շարք հարցերի՝

1․ Ադրբեջանի կողմից հայ գերիների, քաղաքացիական անձանց և ռազմագերիների անօրինական պահմանը և վատ վերաբերմունքին։

2․ Արցախի փախստականների իրավունքին՝ միջազգային պաշտպանության ներքո և հավաքական ձևով վերադառնալու իրենց տները։

3․ Ադրբեջանի կողմից քրիստոնեական ժառանգության և քաղաքացիական գույքի ոչնչացմանը։

4․ Ադրբեջանի շարունակվող ռազմական օկուպացիային՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներում։

«Ագրեսիան միայն նոր ռազմական գործողություններով սահմանափակելով՝ օրինագիծը անուղղակիորեն հավանություն է տալիս Ադրբեջանի նախորդ ագրեսիային՝ փաստացի նորմալացնելով Արցախի ցեղասպանությունն ու Հայաստանի տարածքների շարունակվող օկուպացիան», – հայտարարել է Հայ դատը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։

Armenia Today