ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հանձնառությունը՝ «ապահովելու Արցախի փախստականների վերադարձը, հայկական գերիների ազատ արձակումը և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը»: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։
Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վանսի վարչակազմը, անցած շաբաթ աննախադեպ քայլ կատարելով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»:
2025 թ․ սեպտեմբերի 25-ի նամակում, որը ստորագրված է Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեի կողմից, նաև նշված է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին և հաստատում է, որ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները Բաքվում այցելում են դատական նիստերին հնարավորության դեպքում», փոխանցում է հանձնախումբը:
Ըստ Հայ դատի՝ Գուալյանոնեն նամակը եզրափակել է՝ ընդգծելով, որ Պետդեպարտամենտը շարունակում է «կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում»:
«Մենք ողջունում ենք Թրամփ-Վանսի վարչակազմի հանձնառությունները, որոնք ներառված են Կոնգրեսի հայկական խմբի 87 անդամների ստորագրած երկկուսակցական նամակի պատասխանի մեջ, և արդեն աշխատում ենք մեր կոնգրեսական դաշնակիցների, կոալիցիոն գործընկերների և համայնքային ակտիվիստների հետ՝ այս հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու համար», – ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Կոնգրեսի հայկական խմբի նամակը, որը նախաձեռնել էին կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադաոն, հորդորում էր բոլոր կողմերին ներգրավել այս չլուծված հակամարտությունում՝ ապահովելու տեղահանված հայերի հավաքական, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք:
Բաքվի բանտերում, ըստ պաշտոնական տվյալների, 23 հայ գերի է պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։
News.am