Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընդառաջ, հանձնախմբի համապատասխան էլեկտրոնային հարթակով սկսել է ամերիկահայության համայնքային մոբիլիզացիա։ Մասնավորապես, հետևյալ հղմամբ ամերիկահայությանն առաջարկվում է Վենսի գրասենյակ ուղարկել նամակ, որում մասնավորապես ասված է․
Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝
– Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ և հրապարակայնորեն պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։ Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել վերջերս ազատ արձակված հայ գերիներին, նրանց իրավական ներկայացուցիչներին և դեռևս կալանքի տակ գտնվողների ընտանիքներին։
– Հանդիպել Հայաստանում տեղահանված արցախահայության ներկայացուցիչների հետ և հրապարակայնորեն աջակցել արցախահայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքին։
– Կոչ անել Ադրբեջանին անհապաղ և անվերապահ դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։
– Կոչ անել Ադրբեջանին դադարեցնել Արցախի հազարամյակների հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության և քաղաքացիական սեփականության պղծումն ու ոչնչացումը։
Ձեր ձայնը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։
Ակնկալվում է, որ այս համակարգով փոխնախագահ Վենսի գրասենյակը կարող է ամերիկահայերի մի քանի տասնյակ հազար նամակներ ստանել։
News.am
