Հայ դատի Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի, և Ֆրանսիայի գրասենյակները խստորեն դատապարտել են Հայաստանի հանդեպ ուժի և սպառնալիքի կիրառման քաղաքականության պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փաստը, տեղեկացրել է ՀՅԴ Հաայ դատի լրատվական ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ նրանք հանդես են գալիս արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակով միջազգային իրավասու մարմնի ստեղծման օգտին։
Գրասենյակները համոզմունք են հայտնել, որ նման քայլով միջազգային հանրությունն, ըստ էության, լեգիտիմացնում է ուժի կիրառման միջոցով հակամարտությունները «լուծելու» և էթնիկ զտումների քաղաքականությունը։ Բացի այդ, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե Հայաստանի կողմից ադրբեջանական պահանջների կատարման և դրանց միջազգայնորեն ընդունման, այլ Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանության նկատմամբ ամբողջական հարգանքի և օկուպացիոն զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու, Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացման պայմաններին։
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը նկատել է, որ Մինսկի խմբի լուծարումը խաղաղության քայլ չէ, այլ Ադրբեջանի պարտադրած պայման՝ առաջ մղելու անհավասար գործարք, որը ձեռք է բերվել ճնշմամբ և ուժի կիրառմամբ։
«Այս վտանգավոր նախադեպը պարգևատրում է Արցախում Բաքվի իրականացրած ցեղասպանական էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ապօրինի բանտարկության ու խոշտանգումների, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայի համար՝ խարխլելով միջազգային իրավունքի ու դիվանագիտության սկզբունքները, որոնց մարմնավորումը ժամանակին ԵԱՀԿ Մինսկի գործընթացն էր»,- ասված է հրապարակման մեջ։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նշել է, որ ԵԱՀԿ-ին և դրա անդամ պետություններին կոչ է անում հավատարիմ մնալ իր հիմնական սկզբունքներին՝ դիվանագիտությանն ու արդարությանը։
«Մենք հիշեցնում ենք կառույցին եվրոպական առանցքային մարմինների՝ օրինակ՝ Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Բելգիայի և Շվեյցարիայի նման երկրների հանձնառությունների մասին, որոնք ձեռնարկել են կոնկրետ քայլեր՝ պահանջելու և պաշտպանելու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո, հայ պատանդների ազատումը և Ադրբեջանի բանակի դուրսբերումը Հայաստանի տարածքից»,- շեշտել են կառույցից։
Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը համոզված է, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, կրում է առանձնահատուկ պատասխանատվություն։
«Փարիզն այժմ պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր՝ պաշտպանելու այն միջազգային իրավունքի սկզբունքները, որոնց երկար ժամանակ աջակցել է։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային և ԵԱՀԿ-ին շարունակել ներգրավվածությունը՝ պաշտպանելու տեղահանված հայերի իրավունքները, ապահովելու գերիների ազատ արձակումը և մշակութային ժառանգության պահպանությունը»,- պարզաբանել է գրասենյակը։
Իսկ Մոսկվայի գրասենյակից հայտարարել են, որ առանց միջազգային միջնորդական ձևաչափի և անվտանգության գործուն երաշխիքների հնարավոր չէ հասնել Արցախյան հակամարտության կայուն կարգավորման։
«Կոչ ենք անում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ ավելի գործուն երաշխիքներով և գործիքակազմով ապահովելու համար Արցախից բռնի հայրենազրկված հայերի վերադարձի իրավունքը, Բաքվում ապօրինի պահվող անձանց՝ գերիների և ռազմաքաղաքական ղեկավարների ազատության իրավունքը, պատմամշակութային ժառանգության պահպանության իրավունքը և արցախահայերի ինքնորոշման իրավունքը»,- ընդգծել են գրասենյակից։
Մինսկի խմբին ուղղված դիմումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ստորագրել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և օգոստոսի 11-ին ուղարկել կազմակերպությանը։
Armenia Today