Հայաստանի և Թուրքիայի միջև երկու սահմանային անցակետերը (Ալիջան – Ակյակա) կարող են գործարկվել մի քանի ամսվա ընթացքում. հայկական կողմն արդեն ավարտել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, իսկ թուրքական կողմը եզրափակիչ փուլում է։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ նշելով, որ տասնամյակների թշնամանքից հետո երկու երկրները շատ մոտ են 1993 թվականից փակված սահմանի բացմանը։
Հոդվածի հեղինակը գրում է, որ սահմանի բացումը քաղաքական խոշոր հաղթանակ կլինի Փաշինյանի համար, որը հետևողականորեն ձգտում է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եթե անցակետերը գործարկվեն մինչև հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ապա դա ծանրակշիռ փաստարկ կդառնա հօգուտ նրա։ Տարիներ շարունակ Փաշինյանը ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ մերձեցման և դեպի Արևմուտք ինտեգրման ուղղությամբ։
Այժմ երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է շրջանցիկ ճանապարհով՝ Վրաստանի տարածքով, և տարեկան կազմում է մոտ 300–350 մլն դոլար։ Թուրք-հայկական գործարար խորհրդի նախագահ Կաան Սոյակը համոզված է, որ ուղիղ հաղորդակցությունը թույլ կտա ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև մեկ միլիարդ դոլարի։
Թուրքիայի ամենաաղքատ արևելյան նահանգները մեծ հույսեր են կապում սահմանի բացման հետ։ Տեղի գործարարությունը առևտրի և զբոսաշրջության աճ է հաշվարկում, այդ թվում նաև հայկական սփյուռքի հաշվին։ Լրացուցիչ խթան է հանդիսանում նաև «Թրամփի միջանցքը» (Հայաստանի տարածքով անցնող ավտոճանապարհային և երկաթուղային երթուղին), որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի, իսկ այնուհետև՝ Թուրքիայի հետ։
Այդուհանդերձ, Իրանի դեմ պատերազմը դանդաղեցրել է գործընթացը. միգրացիոն նոր ալիքի վերաբերյալ մտավախությունները արգելակել են սահմանի բացման շուրջ բանակցությունները։
News.am
