Логотип

Հայ-թուրքական սահմանի բացումը դեռևս չի քննարկվում

Հայ-թուրքական սահմանի բացումն առայժմ չի քննարկվում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:

Գործակալության զրուցակիցը միաժամանակ նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է:

«Այս պահին խոսքը հարաբերությունների կարգավորման մասին է, այլ ոչ թե սահմանի կոնկրետ բացման։ Այդ հարցը կախված կլինի գործընթացից, կոնկրետ ժամկետներ դեռ չկան», – ասել է պարբերականի աղբյուրը։

Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։

2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են առանց նախապայմանների գործընթացն առաջ տանելու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։

2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքի «թուրքական տանը»՝ վերահաստատելով կարգավորման գործընթացը շարունակելու և դրան նոր թափ հաղորդելու մտադրությունը։ Մեկ տարի անց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, որտեղ «Մարգարա» սահմանային անցակետում հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Վեցերորդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, մասնավորապես՝ սահմանի հատման կազմակերպման վերաբերյալ:

Sputnik Արմենիա