Логотип

ՀԱՅ- ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԽԵՄԱՆ ԿԳՈՐԾԻ ԵՐԿՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Արդեն պարզ է, որ իրականացել են վերլուծաբանների կանխատեսումները` Թուրքիայի և Ադրբեջանի գրեթե ուղիղ ներգրավվածության վերաբերյալ՝ Հայաստանի նախընտրական գործընթացում, Հայաստանի իշխանությանն աջակցելու տեսանկյունից։

Այժմ այլևս պետք է հստակ ընկալել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի գործող իշխանությանն ընկալում է որպես եզակի հնարավորություն, որպեսզի միանշանակ և վերջնականապես «փակվի» հայկական հարցը՝ ամենաբացասական իմաստով։

Ավելի կարևոր է հասկանալ, որ մինչև 2026 թվականի ընտրությունները և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը կձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը՝ հայաստանյան իշխանությանը տեղեկատվական, մեդիա և դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու համար։

Օրինակ՝ հայտարարությունները հայկական բեռների տարանցման վերսկսման մասին Ադրբեջանի տարածքով, խոսակցությունները Թուրքիայի հետ դրական բանակցությունների «զարգացման» շուրջ, ադրբեջանական կողմի մշտական հիշատակումները «խաղաղության» մասին. այս ամենը մեծ բլեֆի կամ ավելի ճիշտ՝ տեղեկատվական խաբեության մաս է, որը խառնված է ստի, խաղաղության մասին դատարկ հույսերի, բացահայտ շանտաժի և հայկական հասարակության վախերի վրա։

Պետք է արձանագրել, որ նախընտրական շրջանում հայ- թուրք-ադրբեջանական համատեղ սխեման կգործի երկու հիմնական ուղղությամբ։

Առավելագույնս առաջ կմղվի «խաղաղության» պատրանքը՝ թե՛ թուրք-հայ-ադրբեջանական եռանկյան առաջնորդների մակարդակով բանավոր հռետորաբանության, թե՛ շինծու «գործնական քայլերի» իբր իրականացման միջոցով (գործիքակազմը այստեղ լայն է)։

Շանտաժ` պատերազմով. այսինքն՝ նույն հայ-թուրք-ադրբեջանական «եռանկյունին» ակտիվորեն կխթանի այն նարատիվը, թե իբր Հայաստանի իշխանության փոփոխության դեպքում պատերազմ կլինի, և մարդիկ պետք է ընտրություն կատարեն պատերազմի և խաղաղության միջև։

Ինչքան էլ տարօրինակ է, վերջին միտքն ինչ-որ չափով ճիշտ է, բայց՝ ճիշտ 180 աստիճան հակառակը։ Եթե Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսը շարունակվի, ապա առավելագույնը մի քանի տարվա ընթացքում Հայաստանը վերջնականապես կկորցնի իր կենսունակությունն ու ինքնիշխանությունը, ինչը, ի վերջո, կհանգեցնի ազգային աղետի և նոր արյունահեղության։

Պետք է մտածել…

Արման ԱԲՈՎՅԱՆ, «Հրապարակ»