Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով: Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար։ Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները, ամուր ու անսասան պահել հավատն ու սերը առ Քրիստոս և ապրել առ ազգն ու հայրենին անխախտ նվիրումով»,–նշել է կաթողիկոսը։
Նա աղոթք է բարձրացրել, որ ամենակալ տերը սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն։
Նշենք, որ Սուրբ Աստվածածնի ավետման տոնը Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի նշում է ապրիլի 7-ին։ Այն խորհրդանշում է Գաբրիել հրեշտակապետի կողմից Մարիամին Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը տալը։
1995թ–ից Հայաստանում ապրիլի 7–ը նշվում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն։
Sputnik Արմենիա
