Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն արժանացել է դասական երաժշտության ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ Էռնստ ֆոն Սիմենսի հիմնադրամի մրցանակին։
Սարդարյանի ստեղծագործություններն ընդգրկում են նվագախմբային և կամերային երաժշտությունը, իսկ նրա ոճը համադրում է միկրոխրոմատիկան և բազմաշերտ պոլիֆոնիան։ Ավելի վաղ կոմպոզիտորը դարձել էր մի շարք միջազգային մրցույթների և կրթաթոշակների դափնեկիր, իսկ նրա գործերը կատարվել են ժամանակակից երաժշտության եվրոպական փառատոներում։
1972 թվականին հիմնադրված Էռնստ ֆոն Սիմենսի հիմնադրամի մրցանակը շնորհվում է կոմպոզիտորներին, դիրիժորներին, կատարողներին և երաժշտական գործիչներին երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար։
Գլխավոր մրցանակից բացի, հիմնադրամն աջակցում է երիտասարդ կոմպոզիտորներին և ժամանակակից երաժշտական նախագծերին։
Էռնստ ֆոն Սիմենսի մրցանակի նախորդ դափնեկիրների թվում են Բենջամեն Բրիտենը, Օլիվյե Մեսիան, Լեոնարդ Բերնսթայնը և Դյորդ Լիգետին։
Armenia Today
