Логотип

Հայ հոգևորական․ Այս տեմպերով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը մեզ «ծաղիկներ» կթվա

Եթե այսպես շարունակվի, ապա Արցախում տեղի ունեցածը մեզ «ծաղիկներ» կթվա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հեթում Թարվերդյանը։

Նրա գնահատմամբ՝ դրված խնդիրներն ավելի լուրջ են, դրանք հայ ժողովրդի համար էկզիստենցիալ բնույթ են կրում և կապված են նաև անվտանգության հարցերի հետ։ Նա կոչ է արել ողջ հայ ժողովրդին խորհել այն մասին, թե արդյոք իրեն պետք է այն ամենը, ինչ կատարվում է եկեղեցու և պետության շուրջ։ «Անհանդուրժողականության և ատելության մթնոլորտը օգուտ տալի՞ս է, թե՞ ոչ։ Եթե եկեղեցում խնդիրներ կան, օգնե՛ք դրանք լուծել, բայց մի՛ տարեք գործը հասարակության բևեռացմանը և եկեղեցու կործանմանը», – նշել է հոգևորականը»։

Նա համոզմունք է հայտնել, որ եկեղեցու նկատմամբ իշխանությունների գործողությունները հեռուն գնացող նպատակներ ունեն և այդ գործողությունների շարժառիթը պարզ կդառնա հետագայում, եթե նրանք հասնեն իրենց նպատակներին։ Թարվերդյանը նկատել է, որ դա մատուցվում է որպես եկեղեցու բարեփոխում։ «Որևէ մեկը չի մերժում, որ եկեղեցին բարեփոխումների կարիք չի ունեցել և չունի։ Բայց մենք չմոռանանք, թե եկեղեցին ինչ պատմական ընթացք է անցել»,- հավելել է նա։ Նրա գնահատմամբ՝ առկա է հակասություն. եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, իսկ իշխանություններն իրավունք ունեն զբաղվել եկեղեցու հարցերով։

«Իսկ երբ որ Նյու Յորք էր թռչում Վեհափառ Հայրապետի հետ, Մետրոպոլիտենում, երբ պետք է ցույց տային հայ մշակույթի գանձերը և առաջին պատմական սելֆին էին անում, այդ ժամանակ չէին պարզե՞լ Վեհափառի ով լինելը։ Կամ կուսակրոնության ուխտը խախտելը կամ չխախտելը դա երկրի ղեկավարի հա՞րցն է», – հարց ուղղեց հոգևոր հովիվը՝ հավելելով, որ այդ խնդիրը վերաբերում է միայն եկեղեցուն։

Նա նկատել է, որ 10 եպիսկոպոսների հայտարարությունն ուղղված է եկեղեցուն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու և պետությանը նրա բարեփոխումներին մասնակցելու հրավերին։ «Այդ նույն եպիսկոպոսների ավագները կարծեմ 1999 թվականին կազմակերպում էին ներկա կաթողիոսի ընտրությունը։ ԱՅն ժամանակ չգիտեի՞ն։ Կեղծ օրակարգը բերելը և հանրայնացնելը դա մեր ազգին և որևէ մեկին օգուտ չի տա՝ հատկապես այս դժվար ժամանակահատվածոիմ։ Եկեցում կա՞ն խնդիրներ։ Այո՛ կան, բազում խնդիրներ կան, բայց դա նորմալ է, երբ որ խնդիրներ կան։ Խնդիրները պետք է լուծվեն կանոնական դաշտում՝ եկեղեցու ներսում», – ընդգծել է Թարվերդյանը՝ հիշեցնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պաշտոնանկ անելու մեխանիզմ գոյություն չունի։

Նրա կարծիքով՝ այս դիմակայության մեջ կպարտվեն բոլորը՝ եկեղեցին, ժողովուրդը, պետությունը։ «Բոլորը կպարտվեն այս պատերազմում։ Մեր հասարակությունն բևեռացված է և ինքը ավելի է բաժանվելու։ Որևէ մեկը չի շահելու այստեղից», – հայտարարել է նա։ Որպես եկեղեցու սխալներ՝ նա մատնանշեց հասարակության հետ պասիվ հաղորդակցությունը՝ ընդգծելով հանրության հետ փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը»։

Հեթում Թարվերդյանը պարզաբանել է, որ Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում (Ավստրիայում – խմբ.) անցկացնելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ Հայաստանում կազմակերպելու դեպքում միջոցառումը կարող էին տապալել։ Հոգևորականը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ժողովն անցկացվում է Հայաստանից դուրս։ «Իսկ ինչո՞ւ իշխանությունները չէին քննադատում, երբ այն ժամանակին անցկացվում էր Ստեփանակերտում կամ Նյու Յորքում», – եզրափակեց Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը»։