Логотип

ՀԱՆՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սրա՞ մասին էին 2018 թվականի իրադարձությունները

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Մինչ իշխող էլիտաների մի մասը փլուզում էր Խորհրդային Միությունը, նրա ներկայացուցիչներից մեկը ԽՍՀՄ քաղաքացիներին «վաճառում էր» բառեր՝ իրական բարեփոխումների փոխարեն։ Խոսքը ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի և նրա օգտագործած «перестройка» ու «гласность» տերմինների մասին է։ Թե ինչով ավարտվեց ամեն ինչ, հայտնի է բոլորին։

Այսօր Հայաստանում նույնպես երկրի քաղաքացիներին իրական բարեփոխումների փոխարեն փորձում են «վաճառել բառեր»՝ «արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա» և «բալանսավորում»։ Եվ ի՞նչ արդյունքներ են տալիս այդ դիվերսիֆիկացիան ու բալանսավորումը։ ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը զգալիորեն նվազել է, և 2025-ի տարեվերջին ակնկալվում է, որ ծավալները կկրճատվեն գրեթե կրկնակի։ Ըստ նրա՝ եթե անցյալ տարի ապրանքաշրջանառությունը կազմել է 12,4 մլրդ դոլար, ապա այս տարի այն կլինի մոտ 6 մլրդ, հնարավոր է՝ մի փոքր ավելի։

Ինչի՞ մասին են վկայում այս տվյալները։ Դրանք վկայում են Հայաստանի զարգացման իրական վեկտորի մասին՝ մի վեկտորի, որը կյանքի է կոչում Նիկոլ Փաշինյանը «դիվերսիֆիկացիայի» մասին կարգախոսներով։ Փաշինյանի գլխավոր վեկտորը թուրքականն է։ Արվում է հնարավոր ամեն ինչ Հայաստանը թյուրքական աշխարհին ինտեգրելու համար։ Սակայն իրականությունն այն է, որ Թուրքիան ունի իր պայմանները, որոնց կատարումը Անկարան համարում է պարտադիր Հայաստանի համար։ Որո՞նք են այդ պահանջները։ Դրանց մասին կարող ենք իմանալ թուրք պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններից.

• Հանձնել Արցախը։

• Հանձնել «Զանգեզուրի միջանցքը»։

• Փոխել Սահմանադրությունը։

• Ճանաչել Կարսի պայմանագիրը։

• Երկիր տեղափոխել հարյուր հազարավոր ադրբեջանցիների։

• Զրոյի հասցնել ռազմական ՌԴ ներկայությունը տարածաշրջանում (դուրս գալ ՀԱՊԿ-ից, դուրս բերել սահմանապահներին, դուրս բերել 102-րդ ռազմաբազան)։

• Հարվածել ԵԱՏՄ-ին և նվազագույնի հասցնել տնտեսական համագործակցությունը, որպեսզի Թուրքիային այլընտրանք չլինի։

Ընդ որում, այս ամենը պետք է արվի առանց ՀՀ անվտանգության երաշխիքների և առանց երաշխիքների, որ Հայաստանը կընդունվի «թյուրքական ժողովուրդների բարեկամ ընտանիք»։

Թուրքական վեկտորի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական բարեհաճության համար Նիկոլ Փաշինյանը, հերթով կատարելով Անկարայի պահանջները, ձախողում է բոլոր արտաքին քաղաքական նախագծերը և զուգահեռաբար վատթարացնում է ՀՀ յուրաքանչյուր բնակչի կյանքը։ Ալեքսեյ Օվերչուկի տվյալները հաստատում են, որ Հայաստանում փոփոխությունների մասշտաբն այնքան լայն է, որ կազդի բոլորի վրա՝ բեռնատարների վարորդներից մինչև բանկային ոլորտի ներկայացուցիչներ։ Դու չես կարող անարգել քո ապրանքներն արտասահման արտահանել, չես կարող առանց ռիսկերի վարկավորել քաղաքացիներին, երբ պետականության հիմքերից տեղի է ունենում մասշտաբային հրաժարում՝ ի վնաս թուրքական վեկտորի։

2018 թվականին մարդիկ արդարացիորեն դուրս եկան փողոց՝ բողոքելով նախկին իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ։ Մեկ այլ հարց է, որ նոր իշխանությունը խաբեց իր հազարավոր կողմնակիցների սպասումները, ինչն էլ Հայաստանին բերեց «թյուրքական աշխարհի ետնաբակ»։

Բայց եթե նույնիսկ միջազգային պայմանագրերը կարելի է անվավեր ճանաչել, եթե պետությունը խաբվել է բանակցություններին մասնակցած մեկ այլ պետության կողմից (Վիեննայի 1969 թ. կոնվենցիայի 49-րդ հոդված), ապա ո՞վ ասաց, որ ներքին և արտաքին քաղաքական «կարգավորումները չի կարելի հետ պտտել», եթե 2018 թվականից հետո արված ամեն ինչ կառուցվել է խաբեության վրա։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News