Логотип

Հանցագործ լակոտներ են, ուրիշ ոչ մի բան. Հովնան Սրբազանը՝ իշխանությունների մասին

Վեհափառ Հայրապետի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ որևէ բան ասել չեմ կարող, քանի որ արգելք կա, քննություն է ընթանում, բայց որ դա ապօրինություն է, դա միանշանակ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե փորձ է արվում կաթողիկոսությունը տեղափոխել դուրս, նա ասաց. «Մայր աթոռը որևիցե տեղ չի տեղափոխվելու մինչև աշխարհի վախճանը։ Չի լինելու նման բան։ Ինչ էլ լինի, եթե Հայաստանը կա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսությունը գտնվելու է Սուրբ Էջմիածնում, որևիցե տեղ չի լինելու։ Դա ցնդաբանություն է։

Ինչ վերաբերվում է Մայր Աթոռի գանձերին, հավանաբար մարդը շատ է սիրում գանձեր ունենալ։ Արցախի գանձերի հարցերը լուծեց, հիմա անցել է Հայաստանին։

Եվ երկրորդը, ի՞նչ է նշանակում՝ ուզում են գանձերը դուրս հանել։ նման հիմար բարբաջանք ես չէի լսել կյանքիս մեջ, եթե կարող են հանել, ուրեմն, կոպիտ ասած, հալալ է, բա իրենք պետություն չեն, իշխանություն չեն, ինչպե՞ս պիտի հանեն։ Սա ոչ թե մեղադրանք է, այլ ուղղակի ատելություն է եկեղեցու նկատմամբ, եկեղեցական նկատմամբ և իրենց կեղտոտ գործերը ծխածածկույթի տակ ծածկելն է, որ իրենց անօրինական գործողությունները կարողանան արդարացնել նման կեղծ եզրույթներով»։

Անդրադառնալով ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցին, որտեղ վերջինս որպես օրինակ բերել էր բարձրաստիճան հոգևորականների մանկապիղծ լինելը, Հովնան Սրբազանն ասաց. «Հիմա տեսնում ենք, որ կեղծ հիմքեր են ստեղծում, բոլորին ձերբակալում են, կեղծ մեղադրանքներ են անում, ծիծաղելի վիճակում են հայտնվում, բոլոր ձերբակալված հոգևորականների գործերը քանդված են, որովհետև այդտեղ իրականություն չկա։ Երեկ էլ պարզվեց Արշակ Սրբազանին վերաբերվող տեսանյութերի կեղծ լինելը։ Եթե այդպես մեծ հնչեղության հարց լիներ, ազգային անվտանգությունը, իրավապահ մարմինները պատկերացրեք, թե ինչեր կանեին։ ինչ վիճակի կհասցնեին Մայր Աթոռը։ Հերթական իրենց բարբաջանքն է, ինչ կյանքով իրենք են ապրում, նույնկերպ տեսնում են ուրիշներին։ Դարձյալ ատելություն են ստեղծում եկեղեցու, եկեղեցականի նկատմամբ, հանցագործ լակոտներ են, ուրիշ ոչ մի բան»։