ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, ըստ որի՝ երկրում հանցագործությունների թիվը նվազել է 1335-ով կամ 3,2%-ով։
«2025 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 40 722 հանցագործություն 2024 թվականի 42 057-ի համեմատ, որոնցից 18 857-ը (2024-ին՝ 19 877)՝ Երևան քաղաքում»,– նշված է հաղորդման մեջ։
Ուշագրավ է, որ 2025 թվականի զեկույցում դատախազությունը 2024-ի հանցագործությունների թիվը նշել է 42 057, որը տարբերվում է հենց դատախազության կողմից նախկինում ներկայացված` 2024 թվականի տարեկան զեկույցից, որտեղ նշված էր 40 232 հանցագործության դեպք։
Եթե հաշվարկը կատարենք 2024 թվականի զեկույցի հիմքով, ապա կպարզվի, որ 2025-ին հանցագործությունների թիվը ոչ թե նվազել է 3,2%-ով, այլ իրականում աճել է 1,2%-ով։
Սակայն դատախազությունը նույն զեկույցում նշել է, որ փոխվել է հաշվարկի մեթոդաբանությունը՝ ընդգծելով, որ 2024-ի տվյալները կարող են չհամընկնել նախկինում հրապարակված թվերի հետ, քանի որ ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը փոխել է հաշվառման կարգը։ Այսինքն՝ մեթոդաբանական փոփոխությունների արդյունքում 1,2% աճի փոխարեն 3,2% նվազում է արձանագրվել։
Թեև ներկայացվել է նվազման միտում, սակայն 2025 թվականի հաղորդումից պարզ է դառնում, որ աճ է արձանագրվել միջին ծանրության (6,2%) և առանձնապես ծանր հանցագործությունների (10,9%) դեպքերում։
Ըստ հաղորդման՝ 19,7% աճ է գրանցվել նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների մասով. 2025 թ.-ին արձանագրվել է 4170 դեպք՝ 2024 թվականի 3485-ի դիմաց։
Sputnik Արմենիա
