Հայաստանի Հանրապետությունում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ, այս չարիքի իշխանության կողմից կեղծ մեղադրանքներով, շինծու քրեական գործերով ապօրինաբար կալանավորվել են սրբազան հայրեր, հոգևորականներ, ազգային բարերար, Ազգային Ժողովի պատգամավոր, ընտրված համայնքի ղեկավարներ, քաղաքական հանրային գործիչներ, բլոգերներ, զոհված զինծառայողի ծնողներ, հարազատներ, այդ թվում նաև ունենք կին քաղբանտարկյալ։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այս բոլոր մարդիկ այսօր գտնվում են անազատության մեջ, բացառապես նրա համար, որ հաշտ չեն երկրում ստեղծված իրավիճակի հետ, դեմ են այս իշխանության կողմից վարվող հակահայ քաղաքականությանը և այդ իմաստով արտահայտել են իրենց տեսակետը և պայքարել դրա դեմ։
Նոյեմբերի 20-ին ժամը 15:00–ին գլխավոր դատախազության դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալներին, ի պաշտպանություն Հայաստանում խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը և ընդդեմ բռնապետությանը։
Բողոքի ակցիայից հետո երթով շարժվելու ենք դեպի Շենգավիթի դատարան, որտեղ տեղի է ունենում Բագրատ Սրբազանի և 18 արդարների դատավարությունը։
Կոչ եմ անում բոլորիդ մասնակցել բողոքի ակցիային և միասնական ուժերով մեր բողոքի ձայնը բարձրացնենք ընդդեմ այս ապօրինությունների և անարդարությունների»։
News.am
