Логотип

ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարները համագործակցության ճանապարհային քարտեզ են ստորագրել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարները Պեկինում ստորագրել են կազմակերպությունների համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը։

«Պեկինում ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և ՇՀԿ+ ձևաչափի միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի բարձրագույն վարչական պաշտոնատար անձանց 13-րդ հանդիպումը։ Դրան մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուռլան Երմեկբաևը», – հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունն իր Telegram ալիքում։

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային իրադրության հրատապ հարցերի, ինչպես նաև երեք կազմակերպությունների գործունեության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման ու ամրապնդման և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու վերաբերյալ առաջարկներ։

Նաև միահամուռ կարծիք է արտահայտվել այն մասին, որ ՀԱՊԿ-ն, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն կոչված են ավելի մեծ դեր խաղալու գլոբալ խաղաղության և տարածաշրջանային անվտանգության պահպանման, անկայունության կանխման գործում: Արձանագրվել է միտվածությունը անվտանգության եվրասիական ճարտարապետության ձևավորմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը և մշակութային ոլորտում փոխգործակցությանը: Հաստատվել է ինտեգրացիոն նախագծերի կապակցումն ու Եվրասիայի զարգացման կենտրոնների հարաբերությունների ներդաշնակեցումն ապահովելու մտադրությունը։

«Կայացել է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի ստորագրման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարների համատեղ հայտարարության արարողությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի և Միավորված ազգերի կազմակերպության կազմավորման 80-ամյակի կապակցությամբ», – հավելել են կազմակերպությունում: