Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև, որի ընթացքում Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը չի կարողանա կատարել Թրամփի պահանջը և ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և ռազմագերիներին, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ ԶԼՄ-ի՝ Հաջիևը դժգոհություն է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչը Վաշինգտոնում օգտագործել է «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությունը։ Հայտարարել է, որ «դա վնասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։
Օգոստոսի 9-ին Փաշինյանը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ քանի դեռ հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, կարծում է, որ արդյունք չկա: Նրա խոսքով՝ գերիների թեման բարձրացվում է Բաքվի հետ բոլոր բանակցություններում և քննարկվում է ամենաբարձր մակարդակով, սակայն մանրամասները մեկնաբանելը դեռ վաղաժամ է:
Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Փաշինյանի հետ զրույցի ժամանակը Թրամփը, հստակեցնելով, որ խոսքը 23 քրիստոնյաների (Բաքվում պահվող հայ գերիներ-AT) մասին է, խոստացել էր Ադրբեջանի նախագահին խնդրել ազատ արձակել նրանց:
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Armenia Today