Հիմք ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների հայտարարությունները՝ արդեն խոսել ենք այն մասին, թե կոնկրետ ինչով է «Քաղաքացիական պայմանագիրը» շանտաժի ենթարկելու ընտրողին խորհրդարանական ընտրություններում։ Նրանով, թե իրենց կուսակցության պարտության դեպքում Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինի, իսկ իշխանության կգան ուժեր, որոնց հետևում կանգնած կլինի Ռուսաստանը, իսկ վերջինիս, ըստ նրանց գնահատականների, պետք չէ Հայաստանի խաղաղությունն Ադրբեջանի հետ։
Ինչպես ասում են՝ կես տարի էլ չէր անցել։ Ի՜նչ կես տարի, մեկ օր էլ չանցած ստացանք հաստատումը ոչ այլ մեկից, քան Ազգային ժողովի մի ամբողջ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից։ Որն, ի դեպ, իր կարգավիճակով ներկայացնում է ամբողջ խորհրդարանը, այլ ոչ թե միայն իշխող թիմը։
ԵՎ ԱՀԱ, ՆԱ ԻՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ ՆԱԽ ԱԶԴԱՐԱՐԵՑ ԲԱՐԻ ԼՈՒՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, որ առաջադրում է իր թեկնածությունը 2026թ. խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելու համար, ապա անկեղծության նոպայի մեջ հավելեց. «2026-ի ընտրություններում մենք բացառիկ շանս ունենք երաշխավորելու երկարատև և անշրջելի խաղաղությունը: Երաշխավորելու, որ տասնամյակներ շարունակ կունենանք հանգստություն մեր սահմաններին` առանց վախի մեր որդիների, եղբայրների, հայրերի ու ինքներս մեր կյանքերի համար: Տասնամյակներ, որոնք կօգտագործենք մեր երկրի տնտեսական զարգացման համար: Եթե ՔՊ-ն հաղթի, այս շանսը կօգտագործվի, եթե ոչ` չի օգտագործվի:
2026-ի ընտրությունները կաշառակերներն ու գողերը դիտարկում են որպես շանս` վերադառնալու իշխանության, որպեսզի շարունակեն զբաղվել իրենց սիրած գործով` ձեռքի հետ էլ մոտեցնելով իրենց միութենական երազանքները: Եթե ՔՊ-ն հաղթի, այս շանսը նրանց չի տրվի, եթե ոչ` կտրվի: Ընտրությունը Ձերն է»։
Երկարատև և անշրջելի խաղաղություն է «երաշխավորում» այն իշխող թիմի ներկայացուցիչը, որի քաղաքականությունը հանգեցրեց 44-օրյա պատերազմին, Արցախի ողբերգությանը, ավելի քան երկու հարյուր քառասուն հայ զինվորների և սպաների մահվանը 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերում, ադրբեջանցի զինվորականների ներկայությանը Հայաստանի տարածքում… Հիմա այդ երիտասարդը շանտաժում է, թե խաղաղություն կլինի միայն իրենց թիմի հաղթանակի դեպքում, այլապես խաղաղության «շանս չի լինի», այսինքն պատերազմ կլինի…
Ո՜նց է սա հիշեցնում Ալեն Սիմոնյանին, որը Երևանի քաղաքապետի ընտրություններում ասում էր, թե իբր՝ եթե իրենց թիմը չհաղթի, պատերազմ կլինի: Իսկ հետո եղավ Արցախի էթնիկ զտումը։ Այսինքն, ըստ Սիմոնյանի, կա՛մ դա պատերազմ չէր՝ երկրամասի հայ բնակչության տեղահանմամբ (եթե համարենք, թե ՔՊ-ն հաղթել էր ընտրություններում), կա՛մ, եթե ռազմական գործողություններ ու տեղահանում եղել են, ապա իրենց թիմը փաստացի պարտվել է ընտրություններում, իսկ իշխանությունը Ավինյանի համար պահպանել է արդեն հետընտրողական քաղաքական ժուլիկության ճանապարհով, օգտվելով Արցախի դեմ Ալիևի ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակից։ Այսինքն՝ Ալիևի շնորհիվ։
Հիմա Ռուբինյանը համարում է, թե արդեն իմաստություն է հավաքել, ուստի կարող է խաղաղություն երաշխավորել «տասնամյակներ շարունակ»։ Թեև իրականում այսօր նա չի կարող երաշխավորել բացարձակապես ոչ մի բան, ինչը կհակասի Անկարայի և Բաքվի շահերին։
Թերևս մնում է միայն արժանին մատուցել Ռուբինյանի համեստությանը, քանի որ նա «երաշխավորում» է խաղաղության լոկ տասնամյակներ, մինչդեռ Փաշինյանը սպառնում էր մեկ դարով… Միայն թե վարչապետը չզայրանա Ռուբինյանի վրա նման թերահավատության համար։
Դե, և իհարկե, զարմանալի չէ, երբ իշխող թիմը ներկայացնող փոխխոսնակն իր քաղաքական ընդդիմախոսներին անվանում է «գողեր ու կաշառակերներ» և պնդում, որ եթե ՔՊ-ն ընտրություններում պարտվի, ապա «գողերին ու կաշառակերներին» շանս կտրվի գողանալու ու կաշառքներ վերցնելու՝ ձգտելով ընդ որում դաշինք կնքել Ռուսաստանի հետ…
ԼԱՎ ՓՈԽԽՈՍՆԱԿ ՈՒՆԵՆՔ, ԱՅՆՊԵՍ ՉԷ՞։ Այդպիսի հայտարարություններ է անում այն ժամանակ, երբ իր կուսակից և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդակցություններ է անցկացնում իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ և մասնակցում ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը, իսկ հանդիպման օրակարգում, բացի ամենից, «Արևմուտքի գաղափարական էքսպանսիային հակազդեցությունն» է…
Չգիտես՝ լաս թե խնդաս, բայց պետք է հիշել, որ դա ասում է ոչ միայն խորհրդարանի փոխխոսնակը, այլև Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Թուրքիայի հետ բանակցություններում։ Ոմանք վստահ են, որ իրականում նա Անկարայի հատուկ ներկայացուցիչն է Հայաստանի խորհրդարանում, դրա համար էլ իր ընդդիմախոսներին անվանում է Ռուսաստանի հետ դաշինքի ձգտող գողեր ու կաշառակերներ։
Գող՝ սիրտը դող: Այսպիսին են այդ մարդու մտքերը, այն թիմի կարկառուն ներկայացուցչի, որը պատասխանատու է ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում հազարավոր մահերի, այլև հանցավորության խրախճանքի, վարչապետի ավտոշարասյան անիվների տակ մարդու մահվան, պետբյուջեի մսխման պատճառով պետական պարտքի ավելի քան կրկնակի աճի համար, չենք խոսում արդեն պետական շահերի հայտնի հիմնադրամից և «Հայաստան» հիմնադրամից միլիոնավոր դոլարների դեռևս անհայտ պատճառներով «անհետացման» մասին։
Բայց փոխխոսնակ Ռուբինյանը, որն այդ ամենի համար պատասխանատու է որպես իշխող թիմի անդամ, չգտավ ավելի խելացի բան, քան մեղադրել իր քաղաքական ընդդիմախոսներին գողության, կաշառակերության և… Ռուսաստանի հետ դաշինքի ձգտման մեջ։
Ի դեպ, այսօր Փաշինյանի ու իր թիմի քաղաքականության հետևողական ընդդիմախոս է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը։ Ամենաիսկական «նախկինները», որոնց թիմում բարգավաճել ու կուսակցական և պաշտոնական բարձր դիրք է զբաղեցրել փոխխոսնակի հայրը… Ըստ Ռուբինյանի տրամաբանության, պետք է ենթադրել՝ իր հա՞յրն էլ է ժամանակին Ռուսաստանի հետ դաշինք կազմելու մասին երազող գող ու կաշառակեր եղել:
