Логотип

ՀԱՏՈՒԿ ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻ ՀԱՄԱՐ. ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՈՉ ԹՈՒՐՔԻԱՆ

Հայաստանի արդարադատության նախարարն ակնհայտորեն ձգտում է դառնալ ոչ միայն հրապարակային անձնավորություն, այլև մեծ ժողովրդականություն վայելել, և ջանք չի խնայում դրա համար: Նրա հետ կարող է մրցակցել միայն առողջապահության նախարարը, որը պատրաստ է բառացիորեն կաշվից դուրս գալ, միայն թե արժանանա իր վարչապետի բարեհաճությանը և հնարավորինս երկար մնա յուղոտ պաշտոնում։

ՃԻՇՏ Է, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ, ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԻՋԵԼ ԴԻՍԿՈՏԵԿՈՒՄ ՊԱՐԵԼՈՒ ԱՍՏԻՃԱՆԻ, փորձելով ստեղծել անկեղծ, դատողություններում անկախ, պատկառելի գործարար կնոջ կերպար։ Նա ամեն հարմար առիթով ճեպազրույցներ է կազմակերպում ոտքի վրա ու պատասխանում լրագրողների հարցերին՝ ընդ որում ոչ մի կերպ չսահմանափակելով դրանց շրջանակն ու թեման։ Եվ ինքնազմայլմամբ տարված՝ չի նկատում, թե որքան հաճախ է ցնցում հանրությանը հայ իրականությունից իսպառ կտրված պատասխաններով, ծայրահեղ հավակնություններով, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմի և էթիկական շրջանակների պակասով:

Ասվածն ապացուցող օրինակներ չենք բերի, դրանք լիառատ են համացանցում։

Օրերս Սրբուհին ապացուցեց նաև, որ կատարելապես յուրացրել է ստի ու պրտմիտիվ փչոցների այն ավանդույթները, որոնք վաղուց ձևավորվել են փաշինյանական կառավարությունում և դարձել դրա անխտիր բոլոր անդամների այցեքարտը՝ «սուտՆիկոլի» գլխավորությամբ։ Բացի այդ, նախարարը անտեղյակություն ցուցաբերեց սեփական գերատեսչության գործունեության հարցում, քանզի նրա հնչեցրած հայտարարությունները բովանդակությամբ բոլորովին չէին համընկնում համանման հարցին բառացիորեն մեկ օր առաջ Արդարադատության նախարարության տված պատասխանների հետ։

Խոսքն, ըստ էության, սիրիացի վարձկանների մասին նույն այն ցավոտ հարցի մասին է, որոնք հերիք չէ փոխանցվել են իբր Սիրիային, ընդ որում չգիտես ինչու Թուրքիայի «միջոցով», դեռ իշխանություններն էլ չկարողացան ըմբռնելի բացատրել հայ ժողովրդի դեմ ծանր հանցագործություններ կատարած ցմահ դատապարտված ահաբեկիչներին հանձնելու իրավական հիմքը (բարոյական կողմի մասին լռենք)։

Ահա չոր փաստերը: Փետրվարի 2-ին Sputnik-Արմենիա գործակալությունը հրապարակեց «Ինչո՞վ է առաջնորդվել Երևանը՝ Արցախում բռնված սիրիացի վարձկաններին փոխանցելիս» վերնագրով հոդված, որում ներկայացրեց տարբեր ժամանակներում Արդարադատության նախարարության տված պարզաբանումները։

Եվ այսպես, անցած տարվա հոկտեմբերին նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանից կամ Սիրիայից դիմումներ չեն ստացվել հանցագործներին արտահանձնելու մասին: Բացի այդ, հստակեցրել էր, որ նրանք դատապարտվել են հայկական դատարանի կողմից և արտահանձնման ենթակա չեն, քանի որ չեն գտնվում միջազգային հետախուզման մեջ և արդեն իսկ կրում են պատիժը՝ համաձայն ՀՀ համապատասխան օրենքի:

Արդեն այս տարվա հունվարի 14-ին նույն Արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե «վարձկանների փոխանցումն իրականացվել է համապատասխան լիազոր մարմինների միջև համագործակցության և իրավական մեխանիզմների շրջանակներում»։ Իրավական հիմքերի մասին հարցին պատասխանեցին նույն օրենքի մեկ այլ կետի վկայակոչումով, որտեղ ասվում է, որ դատապարտյալի փոխանցումը «կարող է իրականացվել Հայաստանի և օտարերկրյա պետության միջև փոխադարձության հիման վրա»:

Հոդվածում նշվում էր նաև, որ «Հետքի» նմանատիպ հարցմանը Արդարադատության նախարարությունից բոլորովին այլ պատասխան են տվել. իբր՝ Սիրիա բանտ տեղափոխվելու խնդրանքով դիմել են հենց վարձկանները, իսկ գերատեսչությունը՝ ի դեմս նախարարի, բավարարել է միջնորդությունը։

ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՕՐ ԱՆՑ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ, ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՓԱՍՏԸ մեկնաբանեց անձամբ Գալյանը։ Ամենայն հավանականությամբ, նա կա՛մ տեղյակ չէր, որ բավարարել է ահաբեկիչների միջնորդությունը, կա՛մ էլ իսպառ մոռացել էր այդ «մանրուքի» մասին, քանզի նրա պատասխանը «այլ օպերայից» էր։

Գալյանը հայտարարեց, թե այդ անձինք փոխանցվել են պայմանով, որ պիտի շարունակեն պատիժը կրել, և դա արվել է «Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով»: Իսկ վերջում ընդհանրապես ինչ-որ անհեթեթություն հրամցրեց. իբր՝ ահաբեկիչներին հանձնել են նաև «Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունն ավելացնելու համար»։ Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են փոխանցել ոչ թե անմիջականորեն Սիրիային, այլ Թուրքիայի միջոցով, նախարարը վրդովվեց. իբր՝ իսկ ի՞նչ կա որ։

Հաշվի առնելով Նիկոլի բոլոր թիմակիցների հիվանդագին սիրո մոլուցքը Թուրքիայի նկատմամբ՝ ինչ-որ բան բացատրել այս տիկնոջը դժվար թե արժե։ Ուստի անդրադառնանք հասարակության առջև իրեն ցուցադրելու մեկ այլ սիրահարի՝ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Նույն օրերին ելույթ ունենալով ԱԺ-ում՝ այս արարածը հայտարարեց, որ «փոխանցման գործընթացը շատ երկար է եղել, այն սկսվել է շատ վաղուց», և որ, ինչպես պարզվում է՝ «սիրիական կողմի հետ դժվարությամբ ենք իրականացրել այդ աշխատանքը»: Ինչպես նաև, վկայակոչելով Փաշինյանին, նշեց, թե դա «բարի կամքի դրսևորում էր սիրիական պետության նկատմամբ»:

Այսինքն Սիրիան իր քաղաքացիներին փոխանցելու համար չի դիմել, այդուհանդերձ նրա իշխանությունների հետ «երկար աշխատանք» են տարել, տունդարձ են խնդրել հենց վարձկանները, բայց արդյունքում դատապարտյալներին հանձնել են… Թուրքիային, և այլն: Արդարադատության նախարարությունը, Գալյանը, Սիմոնյանը իրենք իրենց ու միմյանց չեն լսում, թե՞ կարևորը տեսախցիկների առաջ ինչ-որ բան բլթացնելն ու «կպչուն» մամուլից գլուխը պրծացնելն է։

Մինչդեռ «երկար գործընթացի» մասին խոսնակի խոսքերը հիշեցնում են անցած տարվա սեպտեմբերի իրադարձությունները, որոնց մասին Գալյանն ու իր գերատեսչությունը, ըստ երևույթին, բացարձակապես տեղյակ չեն։ Այն ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը գաղտնիության քողով պատված այց կատարեց Բաքու, որից հետո թերթերից մեկը հայտնեց, որ նա այնտեղի իշխանություններին է փոխանցել տասը հայ գերիների ցուցակ՝ նրանց ազատ արձակելու խնդրանքով, ինչի դիմաց թուրքերը պահանջել են վերադարձնել երկու վարձկաններին։

Պարբերականը հրապարակել էր Սիմոնյանի այդ «ցուցակը», որում, բնականաբար, չկար Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներից ոչ մեկի անունը։ Նշվում էր նաև, որ ԱԱԾ տնօրենը համաձայնություն է տվել ազատ արձակելու սիրիացիներին։

ՍԱԿԱՅՆ, ԵՐԲ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՎԵՑ 4 ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ, պարզվեց, որ նրանցից ոչ մեկի անունը սիմոնյանական ցուցակում չկար։ Այսինքն Բաքվում թքած ունեն հայկական իշխանությունների նախապատվությունների վրա և իրենք էին որոշել, թե քանի հոգու և հատկապես ում ազատ արձակեն։

Ավելին, չսխալվելու մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ ի սկզբանե գաղափարը բխել է թուրքերից, որոնք ձգտում էին ստանալ և չեզոքացնել հանցագործներին, որոնք 44-օրյա պատերազմին Ադրբեջանի ներգրաված վարձկան ահաբեկիչների մասնակցության և նրանց կատարած հանցագործությունների ամենահամոզիչ ապացույցն են։ Ինչպես նաև այն փաստը, որ նրանց հավաքագրմամբ և Արցախ տեղափոխմամբ զբաղվել է Անկարան։ Եվ հենց այդ պատճառով էլ Փաշինյանը պատրաստակամորեն համաձայնեց հանձնել նրանց Թուրքիային։

Փոխարենը Ալիևը «ողորմածաբար» համաձայնեց ամեն առումով բացարձակ անիրավաչափ «փոխանակմանը», իր հայեցողությամբ վերադարձնելով չորս հայերի։ Ինչը հերթական անգամ ապացուցում է վաղուց ակնհայտ ճշմարտությունը. Հայաստանի իշխանությունները գործնականում ոչ մի ջանք չեն գործադրում գերիների, նույնիսկ շարքային անձանց ազատ արձակման ուղղությամբ, և նրանցից մի քանիսի վերադարձի տեսքով «ողորմություն» են ակնկալում Ալիևից (ներողություն եմ խնդրում բոլոր գերիներից ու պատանդներից)՝ բացառապես նախընտրական նպատակներով։

Եվ վերջինը՝ ի գիտություն Սրբուհի Գալյանի: Նրա ձևակերպումը, թե «այդ անձինք փոխանցվել են պայմանով, որ պիտի շարունակեն կրել պատիժը», բանիմաց մարդկանց մոտ վայրկենապես առաջացրեց զուգահեռներ, որոնք սույն տիկնոջ մտքով անգամ չեն անցնի։ Երբ Հունգարիան Ալիևին վաճառեց հայ սպային սպանողին, նրա իշխանությունները նույնպես երդվում էին, թե հանձնել են նրան ցմահ ազատազրկումը շարունակելու պայմանով։ Թե ինչ եղավ հետո՝ լավ հայտնի է… բոլորին, բացի նրանցից, ովքեր Գալյանի պես կարող են «ինչո՞ւ Թուրքիայի միջոցով» հարցին պատասխանել՝ «իսկ ի՞նչ կա որ»։