Логотип

ՀԵՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵՐ ԽՆԴԻՐԸ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Երևանում ԱՄՆ փոխնախագահ Վենսի արած այն հայտարարությունը, որ 9 մլրդ դոլարով Հայաստանում կարող է ստեղծվել ամերիկյան տեխնոլոգիայով փոքր մոդուլային ռեակտոր, նշեց, որ ռուսական խաղաղ միջուկային տեխնոլոգիաներն ավելի որակյալ են ու էժան։

ՄԵՋԲԵՐԵՆՔ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ. «ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ Հայաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցությանը, ապա այնտեղ, գիտեք, կան խորհրդային օբյեկտներ, որոնք, իհարկե, խորհրդային դիզայնի և ռուսական դիզայնի օբյեկտներ են։ Այստեղ Ռուսաստանը, անշուշտ, ունի ավելի մեծ իրավասություններ և ավելի բարձր մրցունակություն։ Այս ոլորտում լինելով աշխարհի ամենից առաջավոր երկիրը՝ Ռուսաստանը ի վիճակի է դիմանալ միջազգային մրցակցության ամենաբարձր մակարդակին։ Եթե նման մրցակցություն պահանջվի գործընկերների կողմից: Այսինքն Ռուսաստանն ավելի քիչ գումարով կարող է ավելի լավ որակ ապահովել երկար տարիների համար»։

«Եթե նման մրցակցություն պահանջվի գործընկերների կողմից»,- ասում է Պեսկովը: Հարցը հենց դա է։ Հասկանալի է, որ միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանին բազմաթիվ չափորոշիչներով շահավետ է համագործակցել հենց Ռուսաստանի հետ։ Բայց… պաշտոնական Երևանն այսօր ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, իսկ նա «շահավետության» այլ չափորոշիչներ ունի, և դրանք բնավ այն չեն, ինչի մասին խոսում է Պեսկովը: Փաշինյանի համար կարևոր է ոչ թե այն, թե որ տեխնոլոգիան ավելի որակյալ կլինի և էժան կնստի Հայաստանի վրա, այլ արևմտյան աշխարհի ծափահարությունները։

Ինչո՞ւ է այդպես: Հարցն այլ օպերայից է, հիմա մենք այն չենք դիտարկի, բայց դա փաստ է, որը հաստատել է ժամանակը։ Վերցրեք թեկուզ հենց նույն TRIPP-ը: Դասական միջանցք Ադրբեջանի համար, որը, ըստ Բաքվի, նախորոշված է դեռևս 9.11.2020 թ. Եռակողմ հայտարարության 9-րդ կետով։

Բայց այն ժամանակ Փաշինյանը հրաժարվեց տարանցում տրամադրել Ադրբեջանին նախանշված պայմաններով, քանի որ երթուղու անվտանգությունը, համաձայն 9-րդ կետի, պետք է վերահսկեին ռուս զինվորականները։ Դա անընդունելի էր Փաշինյանի համար։

Իսկ այ ամերիկյան վերահսկողությունը, ընդ որում՝ ոչ միայն տարանցման անվտանգության հարցերով, Փաշինյանի համար միանգամայն ընդունելի է։ Ինչպես որ լիովին ընդունելի է նրա համար նաև այն, որ իր տարածքով Հայաստանի հատկացրած միջանցքից ստացվող եկամուտների գերակշիռ մասը գնալու է ամերիկացիների գրպանը, այլ ոչ թե Հայաստանին։

Չենք խոսում արդեն այն մասին, որ հենց այդ 9-րդ կետը կատարելուց Փաշինյանի հրաժարումը արձակեց Բաքվի ձեռքերը Լաչինի միջանցքը շրջափակելու համար՝ այն պատրվակով, թե Երևանը չի կատարում իր պարտավորությունները։ 9-րդ կետի կատարումը կհանգեցներ Լաչինի ապաշրջափակմանը և հայկական Արցախի պահպանմանը, բայց Փաշինյանը գերադասեց դեմագոգիան, որպեսզի միջանցքն ամերիկացիներին հանձնի արդեն այն բանից հետո, երբ Արցախում հայ չմնա։

Փոխարենը չմնացին նաև ռուս խաղաղապահները, ինչի համար Փաշինյանին շատ գովեցին Արևմուտքում։ «Շահավետության» Ահա այսպիսի չափորոշիչներ ունի պարոն Փաշինյանը։ Այնպես որ դժվար թե Պեսկովի այն փաստարկները, որ ռուսական խաղաղ միջուկային էներգետիկան ավելի որակյալ է և էժան, ինչ-որ բան նշանակեն Նիկոլ Փաշինյանի համար։

Իր առաջին երդմնակալության արարողության ժամանակ Ռոնալդ Ռեյգանն ասել է. «Կառավարությունը մեր խնդրի լուծումը չէ, հենց կառավարությունն է մեր խնդիրը»: Նա կատակում էր, իսկ մենք՝ ոչ։