Логотип

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ԲՈԼՈՐԻ ՎՐԱ

ԱՄՆը և Իսրայելը չկարողացան վերջ տալ «Հըզբոլլահ»-ին ու նույնիսկ «ՀԱՄԱՍ»-ին, էլ ուր մնաց վերջնական հաղթանակ տանեն Իրանի նկատմամբ

Եվրոպացի առաջնորդներն ընդ որում ուրախ շփում են ափերը. վերջապես, հրաժարվելով Թրամփի գործողություններին աջակցելուց, տրորեցին նրա ամբարտավան քիթը, ոխը հանեցին այն նվաստացումների համար, որ ստիպված էին հանդուրժել Սպիտակ տուն Թրամփի երկրորդ գալուստից հետո: Լիաթոք շնչեցին Մակրոնն ու Մերցը, Կալլասը, Սթարմերն ու Մելոնին։ Չենք խոսում արդեն Գրենլանդիայի ու Դանիայի մասին. Թրամփի ուշք ու միտքն արդեն ուրիշ տեղ է, խրվել է Իրանում։

ԹՐԱՄՓՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԵՐԱԶՈՒՄ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ. էլ ո՞նց փակի պատերազմի հակառակորդների բերանն իր աշխատակազմում, եթե արդեն ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջո Քենթն է հրաժարական տալիս, չցանկանալով աջակցել Իրանի դեմ ռազմական գործողությանը։ «Իրանն անմիջական սպառնալիք չէր ներկայացնում մեր երկրի համար, և պարզ է, որ այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ լոբբիի ճնշման տակ»,- գրել է Քենթը Թրամփին X սոցցանցում:

Թրամփը ստիպված է հորինել պատերազմի սանձազերծման նորանոր արդարացումներ։ Իր փչոցների մեջ հասավ այն աստիճանի, թե իբր, հարձակվելով Իրանի վրա՝ կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը։ «Եթե մենք դա չանեինք, ապա կսկսվեր միջուկային պատերազմ, որը կվերածվեր Երրորդ համաշխարհային պատերազմի։ Եվ որ է՛լ ավելի կարևոր է՝ կլիներ պատերազմ, որից հետո պարզապես ոչինչ չէր մնա»,- ասաց նա։

Սա ասում է այն մարդը, որը Իրանին կապիտուլյացիայի մասին հայտարարություն պարտադրելու ձգտման մեջ արդեն սկսել է հարվածել Իսլամական Հանրապետության արտադրական այն օբյեկտներին, որոնք ոչ մի կերպ չի կարելի անվանել ռազմական կամ պատերազմական ենթակառուցվածք։ Այսինքն հասցրել է ռազմական գործողությունները անմարդկայնության նոր աստիճանի։

Խոսքը, մասնավորապես, Թեհրանում վառելիքի ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների, «Հարավային Պարս» գազի հանքավայրին հասցված հարվածի մասին է. միլիոնավոր մարդիկ ենթարկըվում են թունանյութերի ազդեցությանը։ Ի պատասխան այդ հարձակումների՝ Իրանը հրթիռային հարված հասցրեց Քաթարում հեղուկացված բնական գազի վերամշակման աշխարհի ամենախոշոր գործարանին, որն ապահովում է հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը։

Գրոհից առաջ Իրանի իշխանությունները նախազգուշացրեցին, որ հարվածելու են Քաթարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան «Հարավային Պարս» հանքավայրի օբյեկտների հրթիռակոծմանը Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից: Ինչպես ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, «իրանական ենթակառուցվածքի պաշտպանության անհրաժեշտությունը ստիպել է հարձակվել Ամերիկայի և ամերիկացի ներդրողների հետ կապված էներգետիկ օբյեկտների վրա»:

Թրամփի և Նեթանյահուի սանձազերծած պատերազմի հետևանքով պատերազմին անմիջական մասնակցություն չունեցող Պարսից ծոցի երկրների կրած կորուստներն ահռելի են։ Ամենայն հավանականությամբ, կվերանայվեն այդ երկրների ծրագրերը՝ ռեսուրսներ ներդնելու իր իսկ նախաձեռնած Խաղաղության խորհրդում մերձավորարևելյան, մասնավորապես Պաղեստինի վերբերյալ Թրամփի նախագծերում։

Առայժմ կարելի է խոսել միայն այն մասին, որ ահագնացումը թափ է հավաքում, եզրափակման միտում չի դրսևորում։ Հնարավոր է, որ Թրամփն ու Նեթանյահուն հաճույք են ստանում իրանական այս կամ այն կառույցների ղեկավարների սպանություններից, Թեհրանի բնակելի թաղամասերի հրթիռակոծման արդյունքներից, միայն թե պատերազմի ավարտը դա չի մոտեցնում։

Ալի Լարիջանիի սպանությունից հետո իր հայտարարության մեջ Իրանի ԱԳՆ-ը նախազգուշացնում է, որ աշխարհի անտարբերությունը «կկանգնեցնի աշխարհին և մարդկային քաղաքակրթությանը անբարոյականության, քաոսի և նորմատիվ կաթվածի անդունդի եզրին, որոնց հետևանքները կանդրադառնան բոլոր երկրների և առանձին վերցրած յուրաքանչյուր մարդու վրա»: