Այդ հարցին ես մինչև հիմա չէի արձագանքում, քանի որ իմ պաշտոնը ապաքաղաքական պաշտոն է և պաշտոնի անձնագրով նիստերի վարման կարգով ես իրավունք չունեի որոշումից առաջ կարծիք, դիրքորոշում հայտնելու, որպեսզի դա չդառնար մցարկի միջնորդության հիմք։ Այս մասին, ՀԾԿ հանձնաժողովի նիստից հետո, որում որոշվեց ՀԷՑ–ին զրկել լիցենզիայից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով նմրան, որ ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները այցելել են Թուրքիա։
«Հիմա քանի որ որոշումը կա, ես ազատ եմ դիրքորոշում հայտնելու մեջ, կփորձեմ նաև իմ դիրքորոշման մեջ քաղաքական դիրքորոշում չհայտնել։ Իսկ ի՞նչ է եղել իրականում, իրականում, այո, հանձնաժողովի երեք անդամներ Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանը և Ելենա Բաբոյանը մեկնել են Թուրքիա այս տարվա հոկտեմբերին, հետևյալ օրակարգով և հետևյալ թեմայով: Հայաստանի Հանրապետությունը 1999 թվականից հանդիսանում է էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ոչ միայն անդամ, այլ նաև հիմնադիր անդամ։ Այս ասոցիացիան ստեղծվել է 1999 թվականին և Հայաստանը ստեղծման օրվանից հանդիսանում է այդ ասոցիացիայի հիմնադիր անդամ:
Ասոցիացիայում ընդգրկված են աշխարհի 47 երկրներ: Եվ ի ուրախություն մեզ, երևի դա մեր թերությունն է, որ մեր լրատվականներով, կայքերով այդ մասին չթմկահարեցինք, այս տարվա մայիսի իմ գլխավորությամբ մեր պատվիրակությունը այդ ասոցիացիայի աշխատաժողովներին մասնակցել է Օմանում, և հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը ընտրվել է այդ ասոցիացիայի նախագահության անդամ՝ երեք տարով։
Ասոցիացիայի աշխատանքային ռեժիմը այսպիսին է, տարին երկու անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ են հրավիրվում և այդ աշխատաժողովների օրերի ընթացքում այդ 47 երկրների պատվիրակները, ներկայացուցիչները քննարկում են էներգետիկայի վերաբերվող բազմաթիվ հարցեր։ Օրակարգային են հատկապես վերականգնվող, արևային էներգետիկայի հետ կապված խնդիրները, որոնք ոչ միայն մենք ունենք մեր երկրում, այլ գրեթե բոլոր երկրները, որոնք սկսել են արևային էներգետիկա ներդնել իրենց երկրում։
Հիմնականում վերջին այցելության ժամանակ, Թուրքիայում այս խնդիրներն են շոշափվել և հետևաբար խոսել այդ մասին, ի լուր աշխարհի հայտարարել ազգաբնակչությանը, որ այ տեսեք, գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որպեսզի գան ՀԷՑ–ը վաճառեն թուրքերին, դա կներեք, առնվազն նման է Գեբելսյան քարոզչությանը, որ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն։
Օգտվելով այսօրվա ընձեռած հնարավորությունից, ես խոսքս ուղղում եմ առաջին հերթին բոլոր այն մարդկանց, ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնք նեղ մասնագետներ չեն, ոլորտի ներկայացուցիչներ չեն, ունեն տարբեր մասնագիտություններ, տարբեր սոցիալական կարգավիճակ, տարբեր ինֆորմացիայի աղբյուրներ և կարող են շատ հեշտությամբ մոլորության մեջ ընկնել նման հայտարարություններից հետո։ Նման բան պարզապես չկա»,– հայտարարեց հանձնաժողովի նախագահը։
News.am
